Վերջերս հաճախ ենք մարդու առողջության համար սպառնալիք պարունակող բժշկական նորություններ լսում. մեկ' Էբոլա վարակն է Աֆրիկայում անվերահսկելի կոտորած սարքում, մեկ էլ' Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը հայտարարում, թե ժամանակն է' ինչ-որ բան ձեռնարկել սուպեր-վարակների դեմ, թե չէ' կարող ենք քարե դարում հայտնվել:


Հետաքրքիր է, որ մոլորակի զարգացմանը զուգընթաց առավել լուրջ սպառնալիքների ենք բախվում: Հանցագործություններն այլեւս ամեն քայլափոխի են հանդիպում, երեխաներն ինչից ասես' կարող են մահանալ, իսկ ընտանեկան արժեքներին բանի տեղ դնողների թիվը աչքի առաջ նվազում է: Եւ չնայած' բժշկության բնագավառում հսկայական նվաճումներ են գրանցվել, ինչ-որ բան ներսից շարունակում է մեր երկարակեցության հիմքերը քանդել: Ծխախոտի օգտագործումը, գիրությունը, թմրամոլությունը շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել, որոշ դեպքերում էլ' դուրս մնալ վերահսկողությունից :


Այս բոլոր խնդիրների պատասխանները գտնելու անզորությունս գիտակցելով, հայացքս ակամա Աստվածաշնչին եմ հառում: Անձամբ ես ոչ միայն հավատքի համար եմ այն օգտագործում, այլ նաեւ' մտավոր առողջության: Այն հանգստացնում է ինձ, հարմարավետ միջավայր ստեղծում եւ բոլոր տեսակի բացասական մտքերից հետ պահում: Սակայն զարմանալին այն է, որ մինչ այժմ ոչ ոք չի ցանկանում այդ գրքի մեջ առկա առողջապահական խորհուրդների (այո' առողջապահական) մասին հիշատակել:


Նախօրոք ասեմ, որ խոսքս այն ձեւաչափով խորհուրդների մասին չէ, որ թերթերում կամ ամսագրերում կարող եք հանդիպել: Այստեղ, պատգամը հասկանալու համար, հարկավոր է տողատակերով ընթերցել:
Աստված ի սկզբանե է այդ խորհուրդները գրի առել, որպեսզի այսօր եւ ընդմիշտ բժիշկները դրանք նույնությամբ իրենց հիվանդներին փոխանցեն:


Դանիելը, իր մարգարեության մեջ, 1:12-15, Բաբելոնի թագավորին ասում է. «Խնդրում եմ' տասը օր փորձիր ծառաներիդ: Միայն բանջարեղեն տուր' սնվելու համար եւ ջուր' խմելու: Հետո մեր արտաքին տեսքը այն երիտասարդների հետ համեմատիր, ովքեր թագավորի սեղանից են կերել»: Վերջինս համաձայնում է եւ տասը օր անց տեսնում, որ ծառաները բոլորից լավ տեսք ունեն:


Պարզ, բանջարեղենային սննդակարգը հարուստ, մսալի ուտեստներից առողջարար է: Ի՞նչ կասեք…
Ղեւտացոց գրքում, 7:23, կարդում ենք. «Խոսիր Իսրայելի ժողովրդի հետ, ասա, որ եզան, ոչխարի եւ այծի ճարպ չուտեն»:
Հավատացեք, այն ժամանակ խոլեստերինի մասին պատկերացում անգամ չունեին:
Նույն' Ղեւտացոց գրքում, կարելի է սննդակարգի վերաբերյալ այլ ցուցումների հանդիպել: Ընդհանուր առմամբ ասվում է, որ Աստված չի կամենում մարդկանց մի քանի օր առաջ պատրաստված կերակուր ուտելիս տեսնել. այն ոչնչացնել է պետք:


Սուրբ գրքում կարելի է նաեւ սթրեսի եւ դրա դեմ պայքարի միջոցների մասին խորհուրդներ գտնել: Օրինակ' Ավետարան ըստ Մաթեւոսի, 6:25. «Ուրեմն ասում եմ ձեզ, որ չանհանգստանաք կենցաղի համար, չմտածեք, թե ինչով եք սնվում, կամ' ինչ հագուստ կրում: Մի՞թե կյանքն ու մարմինը ավելի չարժեն, քան ուտելիքն ու հագուստը»:


Սրանք ընդամենը մի քանիսն են այն խորհուրդներից, որ Աստվածաշունչն է տալիս' առողջ կենսակերպ վարելու համար: Ընդհանուր տողատակն այն է, որ որքան էլ հետազոտություններ կատարենք' այս կամ այն հիվանդությունը կանխելու համար, միշտ նույն եզրահանգումների ենք գալիս' ա) ամեն ինչ չափավորի մեջ է օգտակար, բ) վատ սովորություններից հրաժարվել է պետք եւ գ) առողջ կենսակերպից լավ բան չկա:

 

Այնպես որ, սիրելիներս, առաջին առողջապահական ամսագիրը դարեր առաջ' Աստծո կամքով է հրապարակվել:

 

 

Վրեժ Հովսեփյան