Լուրեր են ստացվել, որ վերջին օրերին Նախիջևանում ձերբակալում են բոլոր հավատացյալ մարդկանց, ովքեր մզկիթ են հաճախում անկախ կրոնական ուղղությունից: Բոլոր պետական վարչություններին ներքին հրաման է տրված աշխատանքից ազատել նամազ անողներին: Ինքնավար հանրապետությունում շատ մզկիթների փակվել են: Այս մասին հայտնում է Նախիջևանից փախած մի անձ, ով նույնպես ենթակա էր ձերբակալության: Նա ասել է, որ միայն Շարուրի շրջանից մոտ 120 մարդ ձերբակալել և տարել են բանտ, որտեղ նրանց անձամբ փայտով ծեծել է Նախիջևանի ներքին գործերի նախարար, գեներալ Ահմադ Ահմադովը: Այնուհետև նրանց ստիպել է կռվել միմյանց դեմ: Խոսքը վերաբերվում է սուննիներին ու շիաներին իրար դեմ ստիպողաբար կռվացնելուն: Այդ մարդը որպես պատճառ նշել է, որ Նախիջևանի իշխանությունները մտավախություն ունեն, որ կրոնավորները կարող են ընկնել արտաքին ուժերի ազդեցության տակ: Ընդ որում հաջորդ օրը այդ ձերբակալվածներից սուննիներին բաց են թողել, իսկ շիաների գործը դեռ քննվում է. փորձում են ճշտել արդյոք վերջիններս կապված են Իրանի հետ, թե ոչ: Մեկ ուրիշ հավատացյալ, որը նոր է դուրս եկել բանտից, հաստատել է այն փաստը, որ բանտերում նրանց անմարդկային տանջանքների են ենթարկել:

 

 

Սարգիս Ասատրյան