Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տնտեսվարողներին մտահոգող մի խնդրի՝ հանձնարարելով էականորեն սահմանափակել հարկային մարմինների օպերատիվ հետախուզական միջոցառումները: Վարչապետը օրակարգի հաստատումից առաջ ասել է. «Մեր կառավարության մշտական շեշտադրումներն են տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից:


Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:

 

 

Անահիտ Գրիգորյան