Տոկոֆերոլը, ըստ քիմիական բաղադրության, պատկանում է սպիրտների դասին։ Տոկոֆերոլը բազմացման վիտամին է, որը բարենպաստ ազդեցություն է թողնում սեռական և որոշ այլ գեղձերի աշխատանքի վրա. վերականգնում է սեռական ֆունկցիաները, նպաստում է հղիության ընթացքում պտղի, այնուհետև' նորածնի զարգացմանը։
Բնական հակաօքսիդացման միջոց է, խոչընդոտում է վիտամին A-ի օքսիդացմանը և բարենպաստ ազդեցություն է գործում լյարդում վերջինիս կուտակման վրա.։ Խոչընդոտում է օրգանիզմի համար թունավոր ճարպային թթվի ազատ ռադիկալների և գերօքսիդների, ինչպես նաև մեմբրանների և բջջային կառուցվածքների լիպիդների օքսիդացման սթրեսի զարգացմանը։

 


Վիտամին E-ն նպաստում է օրգանիզմի կողմից սպիտակուցների և ճարպերի յուրացմանը, մասնակցում մաշկային շնչառության գործընթացին, ազդում ուղեղի, արյան, նյարդերի, մկանների աշխատանքի վրա, ինչպես նաև նպաստում է վերքերի ապաքինմանն ու կասեցնում ծերացման գործընթացը։
E հիպովիտամինոզը կարող է զարգանալ զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Մկաններում կտրուկ իջնում է միոզինի, գլիկոգենի, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի և կրեատինի քանակությունը։ Նման դեպքերում հիմնական ախտանիշներն են հիպոտոնիան և մկանների թուլությունը։ Վիտամին E-ից զրկված փորձնական խմբի կենդանիների մոտ հայտնաբերվել են կմախքային մկաններում և սրտամկանում դեգեներատիվ փոփոխություններ, մազանոթների բարձր թափանցելիություն և բեկունություն։ Պտղի մոտ առաջանում է արյունահոսություն և ներարգանդային մահ։ Նկատվում են նաև նյարդային բջիջներում դեգեներատիվ փոփոխություններ ու լյարդի հյուսվածքի ախտահարում։ Նորածինների մոտ վիտամին E-ի պակասով կարող է պայմանավորված լինել հեմոլիտիկ դեղնախտը, իսկ կանանց մոտ' վիժելու հակումները, ինչպես նաև էնդոկրին և նյարդային խանգարումները։

 

 


Տոկոֆերոլներ պարունակում են հիմնականում բուսական մթերքը։ Դրանցով առավել հարուստ են չզտված բուսական յուղերը' սոյայի, բամբակի, արևածաղկի, գետնընկույզի, եգիպտացորենի, չիչխանի և այլ բույսերի։
Ամենից շատ վիտամինաակտիվ տոկոֆերոլ կա արևածաղկի յուղում։ Գրեթե ցանկացած սնունդ պարունակում է վիտամին E, բայց այն առավել շատ է հացահատիկի և լոբազգիների մեջ, ինչպես նաև կաղամբի, լոլիկի, հազարի, սպանաղի, մաղադանոսի և մասուրի մեջ։ Որոշ քանակություն պարունակում են ճարպերը, միսը, ինչպես նաև ձուն, կաթը և տավարի լյարդը։
Չափահասների մոտ տոկոֆերոլի օրական պահանջը կազմում է 12-15 մգ, իսկ երեխաների մոտ' կյանքի առաջին տարիներին' 5 մգ։

 


Վիտամին E-ն բավականին դիմացկուն է, չի քայքավում ալկալիների և թթուների ազդեցությամբ, ինչպես նաև տաքացնելու կամ եռացնելու դեպքում (դիմանում է մինչև 2000°C ջերմաստիճանին)։
Այսպիսով, եփման, չորացման, պահածոյացման և մանրէազերծման ժամանակ վիտամին E-ն հիմնականում պահպանվում է։
Վիտամինը կարող է կուտակվել օրգանիզմում, որի հետևանքով էլ ավիտամինոզն անմիջապես չի սկսվում։

 

 

Վրեժ Հովսեփյան