Ռուսաստանի հանդեպ կիրառվող արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս ու ոչ միայն Ռուսաստանում: Նախագահ Պուտինը որոշեց դիմել հակաքայլերի և էապես սահմանափակեց ԵՄ-ի երկրներից ապրանքների զգալի մասի ներկրումը Ռուսաստան: Ռուսաստանյան քաղաքական, փորձագիտական ու լրագրողական շրջանակների կողմից սկսեց այն տեսակետը հնչեցվել, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը ՌԴ իշխանություններից համարժեք հակաքայլեր է պահանջելու, որոնց արդյունքում էապես կտուժի հենց ԵՄ-ի երկրների տնտեսությունը: Միանգամայն ճիշտ պնդում է, բայց այն, որոշակիորեն, լիարժեք չի ներկայացնում պատժամիջոցների պատերազմի իրական պատկերը: Բանն այն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հիմնական նախաձեռնողները Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան են, որոնց տնտեսությունները Ռուսաստանի կողմից կիրառվող հակապատժամիջոցների ազդեցությունը գուցե չնկատեն էլ: Դրան հակառակ արդեն խոսվում է այն մասին, որ Գերմանիայում հարյուր հազարավոր աշխատատեղեր կփակվեն, Ֆրանսիան էլ ստիպված է լինելու հրաժարվել ռուս-ֆրանսիական մի շարք նախագծերից, այդ թվում նաև վերջինիս «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր երկու ռազմանավերի վաճառքի գործարքից: Այսինքն՝ հակառուսական պատժամիջոցների կիրառումը նախաձեռնած բրիտանա-ամերիկյան տանդեմն ինքը բավական ապահով վիճակում է, այնինչ Ռուսաստանի պոտենցիալ տնտեսական ու ռազմաքաղաքական դաշնակիցներ Գերմանիան ու Ֆրանսիան առավել տուժող երկրներից են: Կորուստներ են կրում նաև Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը և ԵՄ մի շառք այլ անդամներ: Կարելի ասել, որ պատժամիջոցները կիրառվում են ոչ միայն Ռուսաստանին իր տեղը ցույց տալու, այլև նրա եվրոպական հնարավոր գործընկեր-դաշնակիցների դիրքերը թուլացնելու համար: Հասկանալի է թե ինչու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին առայժմ այլ բան չի մնում, քան խոսել հակառուսական պատժամիջոցների հետագա անխուսափելի խստացման հեռանկարի մասին: Փաստորեն, թե΄ ուկրաինական ճգնաժամը, թե΄ դրան հաջորդած պատժամիջոցների պատերազմը հակառակորդին, վերջինիս սեփական իսկ ջանքերով, թուլացնելու ռազմավարության հաջող կիրառման օրինակ կարող են ծառայել:

 

 

Արման Մելիքյան