Վիտամին E-ն երկար ժամանակ բժշկության կողմից համարվում էր քրոնիկ պարապ վիտամին: Վերջին տասնամյակում, սակայն, կատարված հսկայածավալ ուսումնասիրությունների շնորհիվ, պարզ դարձավ այս վիտամինի անփոխարինելի դերը մարդու կյանքում:


Այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) եւ բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.: Կարմիր պալմայի բուսական յուղի մեջ վիտամին E-ն բնական խառնուրդներով է հանդես գալիս' 4 տոկոֆերոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոֆերոլ) եւ 4 տոկոտրիենոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոտրիենոլ): Ալֆա ձեւը առավել ակտիվ է: Վերջին ուսումնասիրություններով' տոկոտրիենոլները 40-60 անգամ ավելի արդյունավետ են կանխում քաղցկեղի, տարբեր բորբոքումների ռիսկայնությունը, քան տոկոֆերոլները:


Տոկոտրիենոլ ամենաշատը պարունակում են պալմայի, գարու բուսական յուղերը, որոնք ալֆա-տոկոֆերոլի լավագույն աղբյուրն են: Եթե մարդը մի քանի ամիս շարունակ ամեն օր առնվազն 10մգ վիտամին E ընդունի, ապա հետագայում նրա օրգանիզմում կարող է դրա պակաս առաջանալ, որը կարող է արտահայտվել մկաղային անհանգստություններով, անեմիայով, տեսողության վատացմամբ, ռեֆլեկտոր ֆունկցիաների թուլացմամբ:


E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի եւ առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը: Տոկոֆերոլի հիմնական սպասարկողն է (առաջացել է հունարեն TOCOS-ժառանգականություն, PHENO-արտադրող բառերից) վիտամին E-ն, որը ծնելիությանը նպաստող վիտամին է: Այս վիտամինի բացակայության պայմաններում անհնար է սպերմատոզոիդների նորմալ զարգացումը, նորմալ հղիությունը, ժառանգականության ապահովումը' երեխայի կերակրումը եւ կենսագործունեության ապահովումը:


Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի' սակավարյունության վտանգը կանխարգելում է' թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը:


Ամենաանհրաժեշտ վիտամիններից է, որը երիտասարդության հոմանիշ է, իրականացնում է anti-age բոլոր թերապիաները: Կարգավորում է բջջաթաղանթը' թույլ չտալով լիպիդների թթվայնացումը: Այսօր արդեն այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում քաղաքակիրթ աշխարհում տարածված' սրտային մի շարք հիվանդությունների դեմ. նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաեւ' նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը' անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից:


Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաեւ կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միեւնույն ժամանակ' ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը:


Արյունը մաքրելով վնասակար ճարպերից, E-ն լավացնում է արյան շրջանառությունը, եւ զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները: Արյան թրոմբները, խցանվելով զարկերակների մեջ, թույլ չեն տալիս օրգանիզմում արյան շրջանառությունը' սրտի սուր նոպաների պատճառ դառնալով, իսկ եթե վնասված են լինում ուղեղի արյունատար անոթները, ապա մարդու մոտ ինսուլտ է տեղի ունենում:
Հատկապես շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային եւ ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները' հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից:


Հիշեք նաեւ, որ վիտամին E-ն


- նվազեցնում է ինսուլինի մակարդակը եւ սիրտը փրկում է այնպիսի վնասվածքներից, որոնք կապված են մագնիումի դեֆիցիտի եւ կամ թթվածնի անբավարարության հետ:


- Վիտամին E-ի եւ քաղցկեղի տարբեր տեսակների միջեւ փոխհարաբերությունների մասին հարյուրավոր ուսումնասիրություններ կան: Եզրակացությունը հետեւյալն է. այն հիվանդները, որոնց արյան մեջ E վիտամինի քանակությունը ցածր է, նրանց օրգանիզմներն ավելի շատ են հակված չարորակ բոլոր տեսակի ուռուցքների առաջացմանն ու զարգացմանը: Վիտամին E-ի էֆեկտիվությունը բարձրանում է սնուցող այլ նյութերի' անտիօքսիդանտների առկայությամբ: E վիտամինի հակաուռուցքային պաշտպանողական դերակատարումը հատկապես արդյունավետ են դարձնում վիտամին C-ն, կարոտինը եւ սելենը (լուսնածին):


- Վիտամին E-ն կարեւորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը:


- Շնչառական համակարգի խանգարումների սիմպտոմների ժամանակ լավագույնս օգնում է E վիտամինի ճիշտ քանակությամբ կանոնավոր եւ ամենօրյա օգտագործումը:


- Հոդերի բորբոքմամբ' արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը:


- Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաեւ աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ:


- E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաեւ՝ տարիքային այլ հիվանդություններից:


Վիտամին E պարունակվում է.


Բուսական յուղերի (արեւածաղկի, եգիպտացորենի, պալմայի, եւն), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի' արախիսի, ցորենի եւ նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար' ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի եւ բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ: Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ: Վիտամին E-ի հրաշագործ հատկություններին ավելի ամբողջական կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում:
Այս վիտամինն իր կառուցվածքով բնության մեծագույն հրաշքներից մեկն է համարվում: E վիտամինի (տոկոֆերոլ) մոլեկուլները բաղկացած են 3 տարրերից' ջրածնից, թթվածնից եւ ածխածնից, սակայն մոլեկուլներից եւ ոչ մեկը մյուսին չի կրկնում: Ըստ գիտնականների' առանց այս վիտամինի հնարավոր չէր լինի պատկերացնել կյանքի զարգացումը երկրագնդի վրա:


Գիտնականները 8 տեսակի տոկոֆերոլներ են ճանաչում, որոնք վիտամին E-ի տարբեր դրսեւորումներ են: Ինչպես արդեն նշել ենք, հունարենից թարգմանաբար տոկոֆերոլը նշանակում է՝ «ժառանգականություն ապահովել»: Կենդանիներին զրկելով այս վիտամինը պարունակող սննդամթերքից, պարզել են, որ նրանք դադարել են բազմանալ: Ալֆա-տոկոֆերոլը ամենաակտիվն է տոկոֆերոլներից:


Վիտամին E-ն ճարպերը լուծում է, ջրի մեջ այն չի լուծվում, գրեթե չի ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեցությանը, թթուներին եւ ալկալիներին: Եռացնելիս' գրեթե չի քայքայվում, սակայն լույսի ներքո, բաց վիճակում' օդի ազդեցության, քիմիական նյութերի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո չի կարող երկար պահպանվել սննդամթերքի մեջ: Վիտամին E-ն կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեջ գրեթե չի լինում: Միայն լյարդի, ձվի դեղնուցի եւ կաթի մեջ կա: Ակտիվ' ալֆա-տոկոֆերոլը թարմ բանջարեղենի մեջ է: Սառեցված բանջարեղենի մեջ դրա քանակությունը 2 անգամ քիչ է, իսկ պահածոյացված բանջարեղենի մեջ' գրեթե չի պարունակվում: Մարգարինի մեջ եւս կա, սակայն ոչ շատ քանակությամբ: Այն ամենաշատը պարունակվում է բուսական յուղերի, ընկուզեղենի, գարու, ցորենի հատիկների եւ թեփի, արեւածաղկի, սպանախի, բրոկկոլիի, եղինջի, մասուրի պտուղների, ազնվամորու տերեւների, առվույտի, կտավատի սերմերի մեջ: Մշակված ալյուրի մեջ, կարելի է ասել, վիտամին E չկա: Ռաֆինացված' զտված յուղերը չափից շատ տապակելիս' թթվեցման պրոցես է սկսվում, անջատվում են ազատ ռադիկալները, որոնք քայքայում են մեր օրգանիզմի բջիջները: Իսկ E-ն պաշտպանում է բջիջներն այդ ռադիկալներից: Դրա համար խորհուրդ չի տրվում սննդամթերքը չափից շատ տապակել:


Տոկոֆերոլները կարող են դիմակայել մինչեւ 200°C բարձր ջերմաստիճանի, սակայն թավայի մեջ միսը կամ այլ սննդամթերքը յուղով չափից ավելի տապակելու դեպքում E-ն գրեթե անհետանում է: Այս վիտամինի հիմնական ֆունկցիան բջջաթաղանթի պաշտպանությունն է: Ազատ ռադիկալների (ատոմների խմբերի) եւ մեր օրգանիզմի բջիջների մեջ մշտապես պայքար է մղվում: Ռադիկալները մշտապես հարձակվում են էրիտրոցիտների' արյան կարմիր գնդիկների վրա' վնասելով եւ թույլ չտալով բավարար թթվածին ստանալ:

Վիտամին E-ի մոլեկուլները բոլոր կողմերից շրջափակում են էրիտրոցիտները' նպաստելով դրանց ակտիվ գործունեությանը եւ պաշտպանելով այդ ազատ ռադիկալների բոլոր հարձակումներից: Եթե E-ն օրգանիզմում բավարար քանակով չի լինում, ապա արյան կարմիր գնդիկները շատ արագ կորցնում են իրենց ակտիվությունը, եւ արյան բաղադրությունը գրեթե ժամը մեկ անգամ փոփոխության է ենթարկվում: Ուրեմն, եթե ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեք, E վիտամին' պարունակող սննդամթերք կերեք: Օրինակ, եթե տոնական երեկոյի ընթացքում չափից ավելի ալկոհոլ եւ ծխախոտ օգտագործելուց հետո հաջորդ օրը ձեզ ջարդված եք զգում, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմում միլիարդավոր արյան բջիջներ' էրիտրոցիտներ են մահացել-ոչնչացել: Նման դեպքում շատ արագ պետք է 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի բուսական յուղ խմել եւ օրգանիզմի բջիջների վիճակը թեթեւացնել:


Օրական մինչեւ 14 տարեկան երեխաներին անհրաժեշտ է 6-12մգ վիտամին E, իսկ մեծահասակներին' 12մգ: Հղի եւ կերակրող մայրերին անհրաժեշտ է մինչեւ 16մգ եւ ավելի վիտամին E: Վերջին հետազոտությունների արդյունքներով' մեր օրգանիզմին վիտամին E-ի նշված չափաքանակից ավելին է անհրաժեշտ' հաշվի առնելով այսօրվա շրջակա միջավայրի էկոլոգիական վատ վիճակը, վատ սովորությունները, սննդի որակը, եւ այլն, որոնք անդրադառնում են օրգանիզմում եղած տոկոֆերոլի վրա: Շատ ճարպեր օգտագործող մարդկանց ավելի շատ վիտամին E է անհրաժեշտ: Սելենի (լուսնածին) պակասը մեր օրգանիզմում, որն այսօր լայն տարածում ունեցող երեւույթ է, եւս վիտամին E-ի' տոկոֆերոլի լրացուցիչ պաշարներ է պահանջում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես կանաչեղեն, բուսական յուղեր' տոկոֆերոլով հարուստ սննդամթերք են օգտագործում, մեծ քանակությամբ վիտամին E-ի անհրաժեշտություն ունեն:


Մի շարք դիետոլոգներ առաջարկում են վիտամին E-ն ընդգրկել ամենօրյա օրակարգի մեջ: Լավագույն ձեւը բուսական յուղերի' եգիպտացորենի, արեւածաղկի, կտավատի, ձիթապտղի, քունջուտի, սոյայի օգտագործումն է: Օրական գոնե 1 անգամ 1 ճաշի գդալով այս բուսայուղերից խմեք, եւ ձեր բջիջները լիարժեք պաշտպանված կլինեն: Ի դեպ, վիտամին E-ի պակասը հոգնածություն, տրամադրության անկում, անտարբերություն է առաջացնում, քանի որ նյարդային իմպուլսների ազդակները թուլանում են, օրգանները լիարժեք չեն գործում:


Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաեւ' սրտամկանային դիստրոֆիա' խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաեւ պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաեւ օրգանների վրա, որոնք, թեեւ մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում:


Սակայն, նաեւ չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում եւ այլ երեւույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել' վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի եւ A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը:


Վիտամին E-ն հաբերի տեսքով ընդունելու դեպքում անպայման պետք է հետեւեք, որպեսզի ստամոքսը դատարկ չլինի, խմեք ուտելուց հետո: Ցանկալի է, որպեսզի ճարպեր պարունակող որեւէ սննդամթերք լինի, օրինակ' ընկույզ եւ մրգեր, արեւածաղիկ, եւ այլն. չէ՞ որ վիտամին E-ն ճարպերը քայքայող հատկություն ունի: Սպիտակ հաց, ռաֆինացված շաքար, բուլկեղեն, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն ուտելիս, լյարդը այդ սննդամթերքից շատ արագ ճարպեր է վերարտադրում: Այդ ճարպը ներթափանցում է արյան մեջ, «վատ» խոլեստերինի կուտակումներ են առաջանում, շատ արագ դրանք շատանում են, եւ արդյունքում՝ բջիջները դադարում են դրանք ընդունել: Եվ, այդ ժամանակ էլ սկսվում է աթերոսկլերոզը, ճարպի մոլեկուլները կպչում են զարկերակների պատերին' փոփոխելով իրենց գործունեության տեսակը:
Խուսափեք պարզապես «հարմար», արագ, «դատարկ» սննդամթերքից. ճիշտ սնվեք, եւ դուք դեղերի ու լրացուցիչ վիտամինների խմբաքանակների անհրաժեշտություն չեք ունենա: Վիտամին E-ի կարեւոր արժանիքների մասին մենք առաջիկայում կշարունակենք պատմել. սա դեռ ամբողջը չէ:

 

 

Վրեժ Հովսեփյան