Արժե՞, արդյոք անհանգստանալ վահանաձև գեղձի համար: Վիճակագրության համաձայն, ներքին սեկրեցիայի այդ կարևոր օրգանի հիվանդությունները գնալով ավելի շատ են տարածվում: Թվում է, թե Չեռնոբիլը վաղուց է եղել, իսկ Ճապոնիան՞…
Էկոլոգիայի չհուսադրող վիճակը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների տարածման սարսափազդու տեմպերի:
Վահանաձև գեղձը յոդ է պահանջում

 


Սա մարդու ներզատիչ գեղձերից ամենանշանակալին է: Այդ գեղձի հորմոններից է կախված մեր էներգափոխանակությունը: Տիրեոիդ հորմոնները ներազդում են մարդու ողջ օրգանիզմի վրա' ուղղորդելով բջիջների ակտիվությունը, կարգավորելով դրանց տրոհումը, հսկելով էներգափոխանակությունն ու նյութափոխանակությունը: Իսկ ամենօրյա յոդի պակասի պատճառով թվարկված գործառույթները պարզապես տեղի չեն ունենում:
Ի դեպ, սա առաջին ուսումնասիրված գեղձն է. դեռևս հին աշխարհի բժիշկ Հալեն է նշել, որ այս գեղձը դուրս բերող հոսք չունի, այսինքն' ներզատիչ է, իսկ բժիշկ ու ալքիմիկոս Թեոֆրաստը, որն ավելի հայտնի է Պարացելսուս անունով, առաջինն է նկատել վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարության ու կրետինիզմի կապը:

 

 


Բնակության աշխարհագրական դիրքով պայմանավորված, բնահողում ու ջրում յոդի պարունակությունը տարբեր է լինում:Յոդի հիմնական աղբյուրը համարվում է Համաշխարհային օվկինաոսը: Յոդի պարունակությունը մեծ է նավթաբեր շրջանների ստորերկրյա ջրերում: Յոդով հարուստ են ծովափնյա տարածքները, իսկ , օրինակ լեռնային ու հարթավայրային տեղանքներում այն քիչ է, ինչը նշանակում է, որ քիչ է սննդամթերքում, խմելու ջրի մեջ, հետևաբար և' յոդի քանակն անբավարար է այդ տարածքներում բնակվող մարդկանց սննդաբաժիններում:
Յոդը բնական միկրոտարր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի առողջության համար: Այն ինքնուրույն օրգանիզմում չի մշակվում, այդ է պատճառը, որ սննդի ու ջրի հետ յոդի քանակն ապահովելն օրգանիզմի համար խիստ կարևոր է:
«Գիտեք, թե ինչն է մեզ տկարամտությունից փրկում: Չնչին քանակով, 5 ցենտից ոչ ավելի արժեքով յոդը' մեր վահանաձև գեղձին» Դեյլ Կարնեգի:
Յոդի անբավարարություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է օրական օգտագործել 50-100 մգ յոդ' կախված տարիքից: Ցավոք, Հայաստանում էլ գրեթե բոլոր բնակիչներն անբավարար քանակությամբ են յոդ օգտագործում:
Վահանաձև գեղձի հիվանդություններ, հանգուցավոր խպիպ, ախտանշանները, հորմոնները
Սա ներզատիչ գեղձ է, որը 3 հորմոն է մշակում' թիրօքսին, տրիյոդիտիրոնին, կալցիտոնին: Առաջին երկուսն օրգանիզմում կարգավորում են նյութափոխանակությունը, աճը, հյուսվածքների ու օրգանների զարգացումը: Կալցիտոնին հորմոնը ղեկավարում է կալցիումափոխանակությունը և կարգավորում ոսկրերի ամրությունը: Ինչպես վահանաձև գեղձի գերֆունկցիայի, այնպես էլ թերֆունկցիայի պատճառով զանազան հիվանդություններ են առաջանում: Հորմոնալ գերակտիվությունը կոչվում է “հիպերթիրեոզ” կամ “թիրետոքսիկոզ”: Իսկ անբավարար հորմոնալ ակտիվությունը' “հիպոթիրեոզ”:
“Թիրետոքսիկոզի» հիմնական ախտանշանները

 


Սրտխփոց, առատ քրտնարտադրություն, դող, երբեմն' երկվություն, «ավազի» զգացողություն աչքերում, ճնշում աչքերի ետևում, բարձիթողի վիճակներում' էկզոֆտալմ, երբ ակնակապիճները դուրս են պրծնում:Նյարդային վիճակ, վատ քուն, ագրեսիվություն, հոգնածություն, ընդհանուր թուլություն: Լիբիդոյի, պոտենցիայի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, մարմնի զանգվածի աճ կամ նվազում:
Վահանաձև գեղձի հորմոնարտադրության նվազումը կոչվում է հիպոթիրեոզ.ախտանշաններն են'
վատ հիշողություն, պոտենցիայի ու լիբիդոյի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, չոր մաշկ, փայլատ և փխրուն մազեր ու եղունգներ, սրտի ռիթմի խանգարում, աշխատանքի խախտում, դեմքի ու վերջույթների այտուց, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, վատ քուն, ճնշման տատանում, ընկճախտ, երբեմն' փորկապություն, քաշի ավելացում:
Աուտոիմունային թիրեոիդիտ
Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով (լեյկոցիտներ): Իմունային համակարգի մշակած հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում է օտարի տեղ ու սկսում վնասել դրանք: Դա ժամանակի ընթացքում հանգեցնում է գեղձի' հորմոն մշակելու հատկության նվազմանը, այսինքն' հիպոթիրեոզի: Պատճառը հետևյալն է համարվում. ժամանակակից մարդու լիմֆոցիտները շրջանառվում են շրջակա միջավայի թույներից վատ մաքրվող արյան մեջ: Դրանից լեյկոցիտների ակտիվությունը նվազում է ու այլևս ակտիվորեն չեն կարողանում մեզ պաշտպանել մանրէներից ու արտաքին վարակներից: Այդ է պատճառը, որ հաճախակի ենք հիվանդանում ու առանց հակաբիոտիկների չենք կարողանում հաղթահարել հիվանդությունը: Իսկ լիմֆոցիտների մյուս մասն ընդհակառակը, դառնում է խիստ ագրեսիվ, ու «ընդվզում» սեփական օրգանիզմի հյուսվածքների դեմ: Ստացվում է, որ իմունային համակարգի բջիջները քայքայում են իրենց իսկ օրգանիզմի վահանաձև գեղձը:
Հանգուցավոր խպիպ

 


Սա ուռուցքային գոյացություն է, որը գեղձի հյուսվածքից տարբերվում է կառուցվածքով ու կազմությամբ: Այն կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ' չարորակ: Այս հանգույցների վտանգն այն է, որ կարող են որակափոխվել' վերածվելով չարորակ գոյացության:
Առաջ ենթադրում էին, որ վահանաձև գեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը յոդի անբավարարությունն է: Սակայն, այսօր գիտնականները վերջնականապես համոզվել են, որ վահանագեղձի հյուսվածքի մեծացում և հանգույցների առաջացում կարող է տեղի ունենալ նաև յոդի բավարար քանակի դեպքում (50-100-150 մգ օրական): Բանն այն է, որ վահանաձև գեղձն անընդհատ ստանում է «անորակ արյուն», ինչը հանգեցնում է նորագոյացությունների առաջացման: Ինչպես և բոլոր ուռուցքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում, սա ևս բազմացող ու մեռնող բջիջների միջև հավասարակշռության խախտումն է: Վահանաձև գեղձի դեպքում այդ հավասարակշռությունը կարգավորվում է հիպոֆիզի հորմոններով, սեռական գեղձերով, մակերիկամով:

 

 

Նմանատիպ խանգարումներից ամենտարածվածն այն է,երբ մեր օրգանիզմն արյան խարամների պատճառով կորցնում է այդ բջիջների մակերեսի«անտենաները» (ռեցեպտորներ) , որոնք ունակ են որսալու համապատասխան հորմոններ: Դրա հետևանքով, բջիջներն անկառավարելի են դառնում ու սկսում ապրել «ինքնագլուխ, սեփական կյանքով».երբ «ցանկանում են, այն ժամանակ էլ տրոհվում են ու աճում»: Այս վիճակն էլ առաջացնում է վահանաձև գեղձի հանգույցների զարգացման: Ինչքան վերահսկողությունը բջիջների նկատմամբ կորչում է կամ նվազում, այնքան ուռուցքն ագրեսիվ է լինում ու հիվանդության ընթացքում բարորակ ուռուցքը վերածվում է չարորակի:
Որ մթերքներում կա յոդ
Առաջին հերթին'ծովամթերքում, (ծովակաղամբ). ընկույզ, հատիկավորներ, որոշ բանջարեղեն (բազուկ, քաղցր տաքդեղ, սմբուկ, սխտոր. սպանախ.լոլիկ, սոխ), մրգերից' արմավը, պնդուկը, սև սալորը, հաղարջը:
Սակայն, դժվար է մթերքով ապահովել օրգանիզմին անհրաժեշտ յոդի քանակը: Դրա համար կան դեղատնային հատուկ միջոցներ:

 


Ինչ միջոցների էլ դիմելու լինեք' միմիայն բժշկի վերահսկողությամբ: Երբեմն կարող է ձեր թուլության պատճառը որն առերևույթ ոչ մի հիմք կարծես չունի, կրկին յոդի անբավարարությունը լինի: Ուստի ցանկացած բուժման դեպքում հետազոտվեք, իսկ կանայք, որոնք ի դեպ տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում խպիպով, առավել ևս. չէ որ նրանց վրա է նոր, առողջ սերունդ լույս աշխարհ բերելու լուրջ պատասխանատվությունը: Հետևեք ձեր առողջությանը: Ի վերջո, ձեր առողջությունը նաև ձեր ընտանիքի ու հասարակության առողջությունն է:

 

 

 


Վրեժ Հովսեփյան