Շնորհավորում եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին, բոլոր տարիների շրջանավարտներին' ինստիտուտի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:


Բազմամյա գործունեության ընթացքում ինստիտուտն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, ինչի վկայությունն այսօր հասարակության գնահատանքն է, ուսանողների ու շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը:


Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը տարիներ շարունակ պատրաստել է մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են կրթական տարբեր հաստատություններում և հավատարիմ են մանկավարժի վեհ կոչմանը: Նրանք այսօր տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումների առաջնագծում են:


Ինստիտուտը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայ մանկավարժության ավանդույթների պահպանման և փոխանցման, ինչպես նաև առաջավոր փորձի տեղայնացման գործընթացում: Իր ուրույն տեղն ունենալով պետական ուսումնական հաստատությունների շարքում' ինստիտուտն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի միջազգայնացման լայնածավալ ծրագրերին:


Հոբելյանի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ինստիտուտի ողջ անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին, մաղթում ակտիվ, արդյունավետ աշխատանք և ցանկանում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ' աշխատանքային հետագա գործունեության ընթացքում:

 


Լավագույն ցանկություններով' ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ