Արթնանալով և տեսնելով անձրևային այս մռայլ եղանակային պայմաններն ակամա տրամադրության անկում ունեցա, սակայն, երբ կարդացի գիշերը տեղի ունեցած հատուկ գործողության մասին, որի արդյունքում ԼՂՀ հատուկ ջոկատայինները, ձեռնարկելով հատուկ նշանակության ռազմական օպերացիա, մոտեցել են կործանված ուղղաթիռին և այնտեղից դուրս բերել հերոս հայ օդաչուների մարմինները, ակամայից տրամադրությունս փոխվեց. չէ ես ցնծության մեջ չեմ, բայց հոգիս սփոփվեց, երբ կարդացի լուրը:

 

Հետևություններ.

 

1, Գործողության արդյունքում հայ զինվորը ապացուցեց, որ անպարտելի է, որ հզոր է և ամուր, որ պատրաստ է ցանկացած իրավիճակում պատվով կատարել իր առջև դրված պարտականությունները,


2, Մեր զոհված օդաչուներն իրավամբ մերօրյա հերոսներ են, քանի որ բոլորիցս էլ լավ իմանալով, թե շփման գծին այդքան մոտ թռիչքն ինչքան վտանգներ է պարունակում, կատարել էին իրենց առջև դրված խնդիրը՝ իմանալով թշնամու նենգությունը և, որ այն կարող է անդառնալի հետևանքներ ունենա. հավերժ փառք Ձեզ, եղբայրներ,


3,Ադրբեջանական բանակը և դիրքավորված հատուկ ջոկատայինները համայն աշխարհին ցույց տվեցին, որ կարող են միայն ոչ ռազմական գործողությունների ժամանակ կրակել և սպանել հայ զինվորին, իսկ երբ հարցը վերաբերում է լուրջ ռազմական բախմանը, ապա իրենք անզոր են. զոհեր, փախուստ.... իսկ ադրբեջանի ՊՆ-ն փորձում է դա կոծկել՝ լուրեր տարածելով, թե նման գործողություն չի իրականացվել,


4, Այս 10 օրը միջազգային հանրությանը ցույց տվեց, թե որ կողմն է պայքարում արդար միջոցներով, թե որ կողմն է իրականում ագրեսոր, թե որ կողմն է խոսում հարցի ուժային լուծման մասին,


5, Այս 10 օրը ցույց տվեց, թե որքքան սին են միջազգային կազմակերպությունների առաքելությունները, որոնք բացի հավասարության նշան դնող հայտարարություններից, ոչինչ, ոչ մի լուրջ միջամտություն չկարողացան ցուցաբերել,


6,Այս 10 օրը հայությանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ հույսը պետք է դնի միայն սեփական հզորության վրա. և ոչ մի միջազգային կազմակերպության. հզորանալ. ահա հաղթանակի և հարցի կարգավորման միակ գրավականը,


7,Գիշերը իրագործված ռազմական օպերացիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ զինվորի ոգին կոտրելն անհնար է,

 

Հ.Գ. Շնորհավորում և երախտագիտությունս եմ հայտնում գործողության բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, խոնարհվում եմ Ձեր քաջության և հայրենասիրության առջև....

 

 

Վահե Մոսինյան