«Իրականում մինչեւ հիմա դպրոցները չեն հասել այն բանին, որպեսզի մտքերը ընտելացնեն՝ մատղաշ տունկերի նման, զարգանալ սեփական արմատից, այլ աշակերտներին սովորեցրել են միայն, որպեսզի այլ տեղերից ճյուղեր պոկոտելով զարդարվեն դրանցով եւ, եզոպոսյան ագռավի նման, ուրիշի փետուրները հագնեն: Ուսուցիչները ջանքեր են գործադրել ոչ այնքան նրա համար, որպեսզի բացահայտեն գիտակցության մեջ թաքնված իմացության ակունքները, որքան նրա համար, որպեսզի այդ ակունքը ոռոգեն օտար առվակներով... Դրա համար էլ ստացվել է այն, որ շատ-շատերը զբաղվում են միայն նրանով, որ քրքրելով հեղինակներին, լույս աշխարհ են հանում դարձվածքներ, ասույթներ, կարծիքներ՝ ստեղծելով առանձին ծվեններից կարված շրջազգեստի նմանվող գիտություն: Նմաններին հանդիմանությամբ դիմում է Հորացիոսը.«Օ՜, ընդօրինակողներ, ստրուկ կենդանիներ»: Իրոք ստրուկ կենդանիներ, որ ընտելացել են միայն ուրիշի բեռը տանելուն... Եւ որքան շատ են նրանք, որ դաստիարակության ու կրթության մեծ պակաս ունեն, սակայն ուսուցանում են մեր մանուկներին՝ հիմնովին ավերելով ու պղծելով նրանց մաքուր ու անմեղ հոգիները...

 

 


Կրթել մարդուն, որը բոլոր էակներից ամենաանկայունն է ու ամենաբարդը, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱՐՎԵՍՏՆ է: Հետեւաբար այն բացառիկ դժվար գործ է եւ պահանջում է մանրազնին քննարկում: Ուրեմն, լիակատար իրավունքով իմ ընթերցողներից ես պահանջում եմ, ավելին, հանուն մարդկային ցեղի բարօրության աղաչում եմ բոլորին անխոհեմություն չհամարել, որ գտնվում է մի մարդ, որը որոշում է ընդունում հանձն առնել մի այդքան դժվարին եւ այդքան մեծ գործ, այլեւ տալ որեւէ խոստում, որը վերաբերում է չափազանց փրկարար նպատակի...

 

 

Աղերսում եմ ընթերցողներին, որ նրանք գործի հանդեպ ցուցաբերեն այնպիսի ուշադրություն, ջանք, դատողություն ու խորաթափանցություն, ինչպիսիք անհրաժեշտ են ամենամեծ գործի համար... Եթե ուզում ենք, որ մեր երկրները բարեկարգվեն ու բարգավաճեն, նախ եւ առաջ կարգի բերենք դպրոցները եւ նրանց ծաղկելու հնարավորություն տանք... Այսպես մենք մեր նպատակին կհասնենք, այլ կերպ՝ երբեք»:

ՅԱՆ ԱՄՈՍ ԿՈՄԵՆՍԿԻ (1592 - 1670)
Չեխ մանկավարժ, հասարակական գործիչ
«ՄԵԾ ԴԻԴԱԿՏԻԿԱ»ՙ, ԵՐԵՎԱՆ, 2010 թ.