Որ հաղորդումը, որ թերթը, որ կայքը նայում ես աչք է ծակում միայն ու միայն մեկ թեմա՝ կլինի ցավոտ պատասխան Ադրբեջանին, թե ոչ…Համանման վերնագրերով, խելամիտին մոտ դատողություններից մինչև ամբախ-զամբախ, հիմար ու տափակ դատողությունները…Մոռանալով գաղտնիության, անվտանգության խնդիրների մասին աջ ու ձախ քննարկում ու վարկածներ, տարբերակներ են քննարկում կամա թե ակամա օգնելով թշնամուն:


Վերջապես իմացե՛ք, կան թեմաներ, որ պետք չէ այդքան խոսել, քննարկել, կան թեմաներ որ պետք չէ՛ այդքան լուսաբանել ու փորփրել…Երկրի անվտանգության խնդիրները ձեզ համար շոուբիզնեսի աստղիկների ներքնաշորի կամ սերիալների թեմա չէ, այդ ամենի հետևում մեր պետության, մեր բանակի շահերն են ու զինվորների կյանքն ու անվտանգությունը:


Սուվորովը, Կուտուզովը, Նապոլեոնը զրո են իրենց ռազմական գիտելիքներով…Այս վիրտուալ ՙՙ զորավարները, ստրատեգները ՚՚ գիտեն ամեն ինչ, սովորեցնում են բոլորին ու ամենուր…Բժշկին՝ ինչպես բուժել, հացթուխին՝ ինչպես հաց թխել, դիվանագետին՝ ինչպիսի կտրուկ քայլեր կատարել, ինպես աշխատել, գործարարին որտեղ ներդրումներ կատարել, ոստիկանին՝ ինչպես գող բռնել, հրշեջին՝ ինչպես հանգցնել կրակը, ֆուտբոլիստին՝ ինչպես հարվածել գնդակին…Եվ այսպես շարունակ…


Իսկ հրադադարի ներկայիս լարված, փխրուն իրավիճակում, երբ ցանկացած սադրանքի հետևանքով կարող են սկսել լայնածավալ մարտական գործողություններ, պետք է լինել շատ զգույշ ցանկացած մակարդակում, ցանկացած տեղեկատվություն, ցանկացած կարծիք, տարբերակ կամ վերլուծություն կատարելիս ու հրապարակելիս…

 

 

Ռոբերտ Մելքոնյան