Հապշտապ ու տաք գլխով գործելու կոչերն էմոցիոնալ ֆոն են ապահովում: Խոցված հայկական ուղղաթիռի հետ կապված հանրային քննարկումները տարբեր են: Դրանցում հայկական կողմի շուտափույթ հակահարվածի, ջախջախիչ ու Ադրբեջանի համար ավերիչ հարվածների տարաբնույթ առաջարկների ու կոչերի պակաս չի զգացվում: Դրան զուգահեռ էլ անմիտ քննադատություններ են տեղում, թե պատասխան հակահարվածն ուշանում է և այլն: Նույնիսկ նախագահի Արցախ մեկնելը սկսեցին դիտարկել որպես ցուցադրական քայլ, անմիտ նախաձեռնություն և այլն: Նախագահի այցն Արցախ նաև ստեղծված իրավիճակին համարժեք պատասխան էր, չնայած որ այն նախապես նաև ծրագրված այց էր: Իհարկե, անժխտելիորեն դա Ադրբեջանի թռիչքազերծ հիմարությանը լավ պատասխան էր նաև: Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխան քայլերին, ապա անմտություն է հապշտապ ու պահի թելադրանքից բխող շուտափույթ հակաքայլեր ակնկալելը: Արցախի պաշտպանության բանակում առավել քան լավ են պատկերացնում իրավիճակի լրջություննն ու անհրաժեշտ քայլերը, որոնք, անկասկած, կլինեն բավական լավ մշակված, հանգիստ ու շատ ցավալի ադրբեջանական կողմի համար: Սրանում փոքր ինչ կասկած չպետք է լինի: Նման իրավիճակներում պահի թելադրանքով չեն գործում, ինչը լավ են հասկանում պաշտպանական գերատեսչությունում: Ուստի, այս մասով զգացմունքային պոռթկումներն անտեղի են ու անմիտ:

 

 

 Լևոն Հովսեփյան