Բոլոր ԶԼՄ-ները, համացանցի կայքերը քանի օր է տրաքում են Հայաստանի և Ռուսաստանի համատեղ շքերթի անցկացման մասին իրազեկումներից, քննարկումներից ու շահարկումներից:


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի երկու օր առաջ Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են ԱՊՀ ՊՆ խորհրդի 2015 թվականի ծրագիրը: Նիստի ժամանակ քննարկվել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը համատեղ նշելու առաջարկը: Համաձայնություն է ձեռք բերվել մայիսի 9-ին Հայաստանում նաև այդ տարելիցին նվիրված կայանալիք համատեղ շքերթին ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի անձնակազմի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի մասնակցության վերաբերյալ:


Չգիտես ինչու, ում թելադրանքով, ինչ նպատակով որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, մեկնաբաններ, հասարակ ռուսատյացներ շատ հիվանդագին, տառապագին, ցավագին ցնցումների մեջ էին հայտնվել և զայրույթով էին ներկայացնում այդ լուրը:


Նրանք հավանաբար մոռացել են, թե ինչ է նշանակում Մեծ Հայրենականը հայ ժողովրդի համար…Մոռացել են Հայաստանի սահմանին Գերմանիայի դաշնակից Թուրքիայի զորքերի կուտակման, հայերին վերջնականապես ոչնչացնելու նրանց մտադրության մասին… Մոռացել են, որ իրենց պապերն էլ են մասնակցել այդ պատերազմին և ոչ մի վարկաբեկող կամ տհաճ բան չկա համատեղ շքերթ անցկացնելու մեջ: Հետո սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ է անցկացվել համատեղ շքերթ այդ զորախմբի հետ: Այնպես որ, ատում եք ատեք ռուսներին, բայց ոչ մոլագարության հասնող ատելությամբ ու ամեն ինչ սևացնելու հիվանդությամբ: Եվ պետք չի կապել ինքնիշխանության , ազատության, ինքնուրույնության կորստի հետ և վերամբարձ բառերով, դատողություններով խաղալ ժողովրդի զգացումների հետ…


Մենք ընդամենը ռազմավարական գործընկերներ ենք և կարող ենք, պարտավոր ենք անցկացնել համատեղ ուսումնա-վարժական հավաքներ, պարապմունքներ, զորախաղեր և ինչու չէ նաև շքերթներ…Եվ ի վերջո Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը միայն ռուսներինը չէ, դա ԽՍՀՄ բոլոր ազգությունների, Խորհրդային միության ողջ ժողովրդի հաղթանակն էր, այդ թվում նաև հայերիս…Ուստի պետք է տոնենք, հիշենք, հպարտանանք մեր հերոսներով և զորավարներով, ու անպայման շքերթ անցկացնենք, այդ օրը հիշելով նաև արցախյան գոյամարտի մեր հերոսներին, մեր բոլոր զոհերին, նշենք Շուշիի ազատագրման օրը, հաղթանակի և խաղաղության տոնը:

 

 

Ռոբերտ Մելքոնյան