Մի շարք արաբական լրատվամիջոցներ, հղում կատարելով «Իսլամական պետության» (ԻՊ) մամուլի հարցերով պատասխանատու Մուհամմադ ալ-Ադնանիի թվիթերյան էջին, հաստատել են կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ ծանր վիրավոր լինելու հանգամանքը: Ավելի վաղ, վերոնշյալ տեղեկատվությունը հավաստել էր նաև Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Աբիդին՝ հայտարարելով, որ միջազգային կոալիցիայի օդուժի կողմից Սիրիային սահմանակից իրաքյան Ալ-Կաիմ քաղաքում ԻՊ-ի ղեկավար կազմի հավաքի ընթացքում հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել և ծանր վիրավորվել են կազմակերպության տասնյակ ղեկավարներ, այդ թվում՝ նրա առաջնորդը:


Փաստորեն, ԻՊ-ի կողմից միջազգային կոալիցիայի ուշադրությունն Ալ-Բաղդադիից ամեն կերպ շեղելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան:


Իսկ թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ միջադեպը, դժվար է կանխատեսել: Այս համատեքստում, դաշնակիցների հաշվարկները պարզ են՝ գլխատելով «Իսլամական պետությունը»՝ նրանք նպատակ ունեն պառակտել կառույցի շարքերը. կարդարանան դրանք, թե ոչ, ցույց կտան զարգացումները:


Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել նաև իսլամականների ծանրակշիռ պատասխան գործողություններն ինչպես Սիրիայի և Իրաքի տարածքներում, այնպես էլ՝ դրանցից դուրս: Իսկ այս տեսանկյունից ամենահավանականն ԻՊ-ի կողմից ձեռնարկվելիք նոր գրոհն է այս անգամ արդեն Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ դարձյալ հիմնականում քրդերով բնակեցված Աֆրին քաղաքի և շրջանի վրա:

 

 

Արմեն Պետրոսյան