ԲՀԿ-ն պատրաստվում է քաղխորհրդի նիստ գումարել, որտեղ, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվի համաժողովրդական շտաբներ հիմնելու հարցը: Եկեք պատկերացնենք, թե գործնականում ինչ է իրենից ներկայացնում այս ամպագոռգոռ «Համաժողովրդական շտաբ» ասվածը:


Սա բնավ այն մեծ ու մարդաշատ կառույցը չէ, ինչպիսին առաջին հայացքից պատկերացնում ենք:

Ընդհակառակը, ենթադրվում է, որ այդպիսի շտաբներ պետք է բացվեն շատ ու շատ գյուղերում: Հասկանալի է, թե շինության վարձակալությունը գյուղերում ինչ արժեք կաևող է ունենալ: Ցանկացած համակիր կարող է մի քանի հազար դրամի դիմաց իր տան կամ ավտոտնակի պատին փակցնել «Համաժողովրդական շտաբ» անունը կրող մի վահանակ կամ պաստառ, ու դա կհամարվի եռյակի համար շատ կարևոր հենակետ այդ գյուղում:


Մյուս կողմից, սակայն, հասկանալի չէ, թե արդյո՞ք ամեն բնակավայրում առկա է այնքան ընդդիմադիր ռեսուրս, որ կարողանա շունչ ու հոգի հաղորդել այդ շտաբներին, թե՞ դրանք լինելու են պասիվ, մեռյալ, սակավամարդ, որոշների համար անգամ առեղծվածային, քանի որ միայն ժամանակ առ ժամանակ են մարդկանց տեսնելու այնտեղ, շինություններ, որոնցից յուրաքանչյուրը հիշատակվելու է թվաքանակ ներկայացնելիս:


Կա մի հանգամանք ևս. մասնավորապես քաղաքներում, որտեղ ԲՀԿ-ն ունի ավելի քան 40 շտաբներ ու որոնք այժմ էլ կատարում են տվյալ բնակավայրում կոորդինացնող գործառույթներ, բոլորն անվանափոխվելու են «Համաժողովրդական շտաբների»: Սա ցույց է տալիս, որ շատ վայրերում տեղի է ունենալու ընդամենն անվանափոխություն: Իսկ գործառութային իմաստով ամեն ինչ մնում է նույնը:


Այսինքն' «Համաժողովրդական շտաբներ» բացելու գործընթացը իրականում այն մեծ ու համապետական ակտը չէ, որը փորձում են ներկայացնել քառյակի գործիչները:

 

 

Էրիկ Մելիքյան