Տղան երազների գիրկն էր ընկել քնելուց առաջ. ‹‹Ահա, շուտով ես կմեծանամ և ի՞նչ եմ անելու մարդկանց համար, - մտածեց նա: - Երկրագնդի բոլոր բնակիչներին կնվիրեմ մի աննման բան, ինչ երբևիցե չի եղել ու չի լինելու››:
Եվ նա սկսեց մտքի մեջ փորփրել, թե ինչ տեսակի Գեղեցկություն արժի նվիրել մարդկանց: ‹‹Կառուցեմ հիասքանչ Տաճար››: Բայց միանգամից մտափոխվեց. ‹‹Հիասքանչ տաճարներ շատ կան››: Մի փոքր էլ մտածեց. ‹‹Հորինեմ մի անկրկնելի Երգ››: Բայց կրկին վարանեց: Երգեր նույնպես շատ կան: ‹‹Ավելի լավ է մի աննման Քանդակ պատրաստեմ››: Եվ կրկին մտափոխվեց. ‹‹Աննման քանդակներ նույնպես շատ կան››:

 

 


Նա տխրեց ու այդպես էլ քնեց այդ մտքով: Եվ երազ տեսավ: Նրա մոտ մի Իմաստուն եկավ:
- Դու ցանկանո՞ւմ ես մարդկանց ամենագեղեցիկը նվիրել: - Հարցրեց նա:
- Այո՛, շատ եմ ուզում: - Ոգեշնչված պատասխանեց տղան:
- Դե նվիրի՛ր, ի՞նչ ես սպասում:
- Բայց ի՞նչ: Ամեն բան արդեն արարված է:
Եվ սկսեց թվել.
- Ուզում էի Տաճար կառուցել, բայց բոլոր տաճարներն արդեն կառուցված են…
Իմաստունը ընդհատեց նրան.
- Չի հերիքում միայն մեկ Տաճար, որը միայն դու կարող ես կառուցել…

 


Տղան շարունակեց.
- Ուզում էի Երգ հորինել, բայց դրանք նույնպես շատ են…
Իմաստունը կրկին ընդհատեց.
Մարդկանց պակասում է միայն մեկ Երգ, և այն միայն դու կարող ես հորինել և երգել այն Տաճարում…
- Մտածում էի հիասքանչ Քանդակ պատրաստել, բայց արդյո՞ք մնացել է որևէ չքանդակված քանդակ:
- Այո, - ասաց իմաստունը, - միայն մեկ Քանդակ, որը այնքան է պետք մարդկանց և որը միայն դու կարող ես քանդակել և զարդարել դրանով քո Տաճարը:
Տղան զարմացավ.
- Բայց ամեն բան արդեն արված է:

 


- Այո, սակայն աշխարհի ողջ այդ Գեղեցկությանը չի հերիքում միայն մեկ հրաշագեղություն, որի արարիչը կարող ես դու դառնալ, - ասաց Իմաստունը:
- Եվ ի՞նչ Գեղեցկություն է դա, որը ինձ է բաժին հասել:
Իմաստունը արտասանեց կախարդական շշուկով.
- Տաճարը՝ դու ես, դարձրո՛ւ քեզ հիասքանչ և ազնվական: Երգը՝ հոգին է քո, նրբացրո՛ւ այն: Քանդակը՝ քո կամքի ուժն է, քանդակի՛ր այն: Ե՛վ Երկիր մոլորակը, և՛ ողջ Տիեզերքը կստանա Գեղեցկություն, որը դեռ ոչ ոք չի ճանաչել:
Տղան արթնացավ, ժպտաց Արեգակին և ինքն իրեն շշնջաց. ‹‹Այժմ ես գիտեմ՝ ինչ Գեղեցկություն կարող եմ նվիրել մարդկանց››:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Խնդրում եմ դուռը մի խփեք"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան