Հյուգոն «Թշվառներ»-ում սպառիչ ձեւով տվել է «հեղափոխություն» երեւույթի վերլուծությունը: Նա գտնում էր, որ Հեղափոխություններն ու հեղաշրջումները հաճախ խարսխվում-հիմնվում են բազում կեղծիքների վրա:
Այսպես, օրինակ, դպրոցական տարիներից ի վեր մեր ուսուցիչներն ու եղած գրքերը Բաստիլը ներկայացնում էին իբրեւ մի սարսափելի բանտ, ուր տառապում են հազարավոր անմեղ մարդիկ, Բաստիլը ներկայանում էր իբրեւ մի անմարդկային իրականության խորհրդանիշ:


Մինչդեռ իրականությունն այն է, որ երբ ապստամբները գրոհում են Բաստիլը, պարզվում է, որ այնտեղ ընդամենը յոթ կալանավոր կա: Երկուսը հոգեկան հիվանդ են եղել եւ նրանց անմիջապես տեղափոխել են Շարանտոնի հիվանդանոց, մարկիզ դը Սոլանժին այստեղ տեղավորել էր ընտանիքըՙ ժառանգությանը տիրանալու համար, մնացած չորսը եղել են պարզապես խաբեբաներ, որոնք թաքնվել են Բաստիլում պարտատերերից փրկվելու համար:


Հյուգոն ավելացնում է, թե Հեղափոխություններից ու հեղաշրջումներից հետո, ի վերջո, իշխանության են գալիս սրիկաները, ստահակները, կասկածելի վարքի, գրագիտության եւ նկարագրի տեր մարդիկ: Դրանց մեջ քիչ չեն հոգեկան հիվանդները, շիզոֆրենիկները, մոլագարները...


Մարատը Կոնվենտից պահանջում էր 260.000 մարդու մահապատիժ, «որպեսզի իրենց տեղը իմանան, որպեսզի վախենան մեզանից»:


Շա՞տ բան է փոխվել Մարատի ժամանակներից…

 

 

Նորայր Նորիկյան