Հոկտեմբերի 31-ի հանրահավաքն այդպես էլ չկայացավ: Որևէ կոնկրետ գործողություն իրականացնելու պլան, «ճանապարհային քարտեզի» իրականացման գործառույթ չի նկատվում նրանց միասնական նախագծերում:


Թեև հոկտեմբերի 31-ին, ժամը 16:00 – 23:00-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում է ստացվել քաղաքապետարան, սակայն ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը երեկ լրագրողներին ասել էր, որ հոկտեմբերի 31-ին հանրահավաք նախատեսված չի եղել: Հիմա էլ շրջանառվում է նոյեմբերի 7-ին նախատեսված հանրահավաքի անցկացնել-չանցկացնելու թեման, որի մասին իրազեկումը ևս տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին:


Եռյակի այս ինտերվալային դադարները խոսում են այն մասին, որ ոչ իշխանական ուժերը կարծես իշխանությունների քայլերին են սպասում, փորձում են երկխոսության գնալ նրանց հետ: Ինչպես նախորդ հանրահավաքների ժամանակ իրենց ելույթներում բաց տեքստով նշեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները:


Այսինքն՝ Եռյակը իշխանության հետ քաղաքական առևտրի մեջ մտնելով փորձում է ժամանակ շահել, թե ինչ-ինչ ակնկալիքներ ունի: Ըստ ամենայնի' նա հանրահավաքների միջոցով փորձելու է ժողովրդին համախմբված պահել մինչև որ իշխանություններից որևէ առաջարկ լինի: Սակայն հայտնի է, որ հանրահավաքների շղթան երկար չի կարող ձգվել:

 

 

Դավիթ Ալավերդյան