835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել "All Hallows Eve" (թարգմ.' բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։

 

 

Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Սա կարճ նկարագրությունն էր մի տոնի, որ Հայաստանում լայն տարածում չունի ու հիմնականում նշվում է երիտասարդական Party-ների ձևով՝ տարբեր ակումբներում:
Մի խոսքով այս տոնը մեր ազգայինի հետ որևէ աղերս չունի, սակայն տոնի ՙՙհերոսներից՚՚ մեկը՝ դդումը, իսկական պատուհաս է դարձել երևանցի շատ ծնողների համար:
Ընկերներս ասում են, որ վաղվա համար երեխաներից դդում են ուզել՝ դպրոցնեորւմ Հելոուինը նշելու համար:

 

 


Անկեղծ ասած՝ կարգին զարմացած եմ ու մի քիչ էլ զայրացած՝ մեր անհարկի օտարասերության, օտարամոլության վրա: Մենք ունենք բազմաթիվ ազգային-հոգևոր համարժեք տոներ, ինչո՞ւ ենք մատաղ սերնդին ՙՙվարժեցնում՚՚ օտար տոներին, արժեքներին՝ մերը ներկայացնելու, սերունդներինը դարձնելու փոխարեն: Հազիվ ենք հասնում նրան, որ ՙՙՎալենտինի՚՚ փոխարեն նշվի մեր ՙՙՍուրբ Սարգիսը՚՚, հիմա էլ Հելոուին, որի ոչ իմաստը, ոչ էլ բովանդակությունը, համոզված եմ, ոչ դպրոցականները գիտեն, ոչ էլ՝ նրանց տոնին նախապատրաստող ու դդում ուզող ուսուցիչներից շատերը:
Այս պարագայում տեղին է հարցը, թե ո՞ւր են նայում ոլորտի պատասխանատուները:

 

 


Գուցե գործ ունենք հերթական գրանտի՞ ու նրա պարտադիր թելադրանքների՞ հետ:
Մի այլ վարկած էլ կա. գուցե բարձարստիճան որևէ պաշտոյա կամ նրա ՙՙտանիքի՚՚ տակ գործող ինչ-որ մեկը դդումի բիզնեսով է զբաղվում ու որոշել է Հելոուինի անվան տակ մի լավ փող աշխատել:
Հայաստանում ինչ ասես տեսել ենք, էլ ոչ մի բանի վրա չենք զարմանա, սակայն ամեն բան չափի մեջ է գեղեցիկ ու չի կարելի ինչ-որ բաներ անել՝ երեխաների, նրանց ազգային դաստիարակության ու նաև ծնողների գրպանի հաշվին...

 

 

Սուրեն Սուրենյանց