Արդեն մի քանի օր է, տպագիր եւ էլեկտրոնային մամուլին չէի հետեւում, ոչ մի տեղեկություն չունեի վերջին օրերի ներքաղաքական անցուդարձից, այսօր մի քիչ կարդացի եւ իմացա, որ ոչ իշխանական ուժերը հաջորդ հանրահավաքի օրը չեն հայտարարել, նաեւ իմացա, որ ըստ ոմանց՝ բուն ներքաղաքական գործընթացները տեղի են ունենում ընդհատակում: Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ ոչ իշխանականները գտնվում են ինքնակառավարման ճգնաժամի մեջ, հարթակը թվում է զբաղված է, բայց՝ դատարկ, ելույթները թվում է ՝ հնչում են, բայց՝ անեկդոտատիպ, քարտեզների մասին ընդհանրապես մոռացել են, եւ՝ հետագա քայլերի մարտավարության եւ ստրատեգիայի մասին եւս չեն հիշում: Այս ամենը ոչ նորություն է , ոչ անսպասելի եւ ոչ էլ՝ արմանք-զարմանք բան, այս ամենը շատ կանխատեսելի էր եւ կարծես բազմիցս ապրված եւ վերապրված: Միակ բանը, որ տխրեցնում էր տաս-տասնչորս տարի առաջ եւ տխրեցնում է նաեւ այսօր, այն է, որ մեր ժողովրդի մի հատվածին կրկին փորձում են օգտագործել իրենց նեղ-անձնական, շատ նեղ-քաղաքական շահերի համար: Իրականում, չափազանց վտանգավոր է չիմանալը, որ անկախ այս կամ այն շահից, այս կամ այն գործընթացից, կարեւորը՝ ՄԱՐԴՆ է, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ եւ ոչ իշխանականները առաջին հերթին պարտավոր են սա հիշել ու չմոռանալ, որովհետեւ այդ նույն ՄԱՐԴԸ շատ արագ է տեսնում եւ հասկանում, թե իրականում ինչի համար են իրեն բերում հրապարակ եւ թե ինչու միայն բերում են հրապարակ, ինչու են ելույթները կարդում մեկն արդեն ձանձրալի առոգանությամբ, մյուսը՝ ձանձրացնելու ճանապարհին է: Մեկը՝ սահուն անցնումէ կրկնությունների դաշտ, մյուսը արդեն հասցրել է քամուն տալ իր երբեմնի անունը:


Ինձ արդարացիորեն կհարցնենք, բա իշխանությունը էս գործում անելիք չունի?... Իհարկե ունի եւ առաջին հերթին իշխանությունն ունի եւ այդ անելիքը իշխանության ամենօրյա գործն է, ամենօրյա գործը պիտի լինի՝ մարդկանց խնդիրները լուծելը, հասարակության բոլոր շերտերին բավարարող օրենքների ընդունումը, չինովնիկների ամենօրյա աշխատանքը՝ հանուն նույն ՄԱՐԴՈՒ բարեկեցիկ կյանքի եւ ապագայի:


Այսքանը՝ թերեւս լրջորեն, իսկ եթե ավելի «լուրջ» , հիմա կբացեմ փակագծերը եւ մի գաղտնիք կասեմ ճճճճ, վստահ եմ, չեք մոռացել, որ ոչ իշխանականների երկրորդ, ու առայժմ, վերջին հանրահավաքը տեղի ունեցավ այն օրը, երբ ես եւ ամուսինս մեր հարազատների, բարեկամների ընկերների մեծ շրջանակում նշում էինք մեր ամուսնության երեսունամյակը: Այդ միջոցառումից առաջ ինձ լրագրողները հարցնում էին՝ դո?ւք եք հանրահավաքի օրը վերցրել, թե՝ ոչ իշխանականները վերցրել են ձեր օրը:


Դե, ուրեմն, եթե այդ տրամաբանությամբ առաջ գնանք, ուրեմն, ոչ իշխանականների հաջորդ հանրհավաքը տեղի կունենա մեր ամուսնության հաջորդ հարսանիքին ճճճճճ

 

 

Մարգարիտ Եսայան