Եվրոպական ֆուտբոլային առաջատար առաջնություներում ավարտվել են հերթական տուրի հանդիպումները:


Անգլիայի առաջնության 8-րդ տուրը կավարտվի արդեն այսօր՝ ՙՙՎեսթ Բրոմվիչ՚՚- ՙՙՄանչեսթեր Յունայթեդ՚՚ հանդիպումով: Հաղթանակի դեպքում մանչեսթերցիները կտեղափոխվեն չորրորդ հորիզոնական:


Մնացած հանդիպումներն արդեն ավարտվել են:


Վստահ խաղ են ցուցադրում առաջատարները՝ ՙՙՉելսիի՚՚ ֆուտբոլիստները: Լոնդոնցիներն արտագնա խաղում հաղթել են ՙՙՔրիստալ Փելասի՚՚ ֆուտբոլիստներին՝ 2:1: ՙՙՉելսիի՚՚ ֆուտբոլիստները վաստակել են 22 միավոր, հինգ միավորով պոկվել են մրցակիցներից ու վստահաբար գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 9-րդ տուրում կայանալու է ՙՙՄանչեսթեր Յունայթեդ՚՚-ՙՙՉելսի՚՚ սկազբունքային հանդիպումը:


Անգլիայի առաջնության անցյալ տարվա չեմպիոն ՙՙՄանչեսթեր Սիթին՚՚ երկրորդն է՝ 17 միավորով:


Ավարտվող տուրում ՙՙՍիթիի՚՚ ֆուտբոլիստներն ինտրիգային խաղում 4:1 հաշվով հաղթնակ տարան ՙՙՏոտտենհեմի՚՚ հանդեպ: Թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է չորս գոլի հեղինակ, որից երկուսը՝ 11 մետրանոց հարվածից:


Հաջորդ խաղում մանչեսթերցիները արտագնա խաղում մրցելու են ՙՙՎեսթ Հեմի՚՚ հետ: Այս թիմն այժմ ունի 13 միավոր՝ նույնքան, ինչքան՝ ՙՙԼիվերպուլը՚՚, ու զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Լոնդոնցիները վերջին խաղում, հակառակորդի հարկի տակ, ջախջախել են ՙՙԲյորնլիին՚՚՝ 3:1:


16 միավորով առաջնության եռյակն եզրափակում է ՙՙՍաութհեմփթոնը՚՚, որն ավարտվող տուրում ութ անպատասխան գնդակ է ուղարկել ՙՙՍանդերլենդի՚՚ դարպասը: ՙՙՍաութհեմփթոնի՚՚ ֆուտբոլիստները մրցելու են ՙՙՍթոք Սիթիի՚՚ ֆուտբոլիստների հետ:


Վերջին տուրում ՙՙԼիվերպուլի՚՚ ֆուտբոլիստները միայն խաղի ավելացված րոպեներին են կարողացել հաղթանակ կորզել ՙՙՔուինզ Պարկ Ռեյջերսից՚՚՝ 3:2, ընդ որում՝ ՙՙԼիվերպուլի՚՚ ակտիվում գրանցված երեք գոլորից երկուսի հեղինակները մրցակիցներն են:


Շարունակում են անկայուն խաղ ցուցադրել ՙՙԱրսենալի՚՚ ֆուտբոլիստները, ովքեր ՙՙՀալլ Սիթի՚՚ ակումբի հետ խաղում միայն վերջին րոպեին են խույս տվել պարտությունից: Լոնդոնցիները հանգրվանել են իրենց համար անսովոր 7-րդ հորիզոնականում:


Ռմբարկուների ցուցակում երկիշխանություն է. ՙՙՉելսիի՚՚ ու ՙՙՄանչեսթեր Սիթիի՚՚ հարձակվողներ Դիեգո Կոստան ու Սերխիո Ագուերոն խփել են իննական գնդակ:


Իսպանիայի առաջնության առաջատար ՙՙԲարսելոնան՚՚ ութ տուր շարունակ անառիկ է պահում իր դարպասը՝ վերջին տուրում երեք անպատասխան գնդակ ուղարկելով ՙՙԷյբարի՚՚ դարպասը: Կատալոնացիներն ունեն 22 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը:


Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 25-ին, սուպերկլասիկոն է: Մադրիդում ՙՙՌեալն՚՚ ընդունելու է ՙՙԲարսելոնային՚՚:


Մադրիդցիները նույնպես վերելքով են հանդես գալիս, առաջատարին զիջում են չորս միավորով, երրորդ տեղում են, վերջին խաղում հինգ անպատասխան գնդակ են ուղարկել ՙՙԼևանտեի՚՚ դարպասը: Ընդ որում, Կրիշտանու Ռոնալդուն դարձել է երկու գոլի հեղինակ:


Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ՙՙՍևիլյան՚՚ է՝ 19 միավորով: Սևիլյացիները վերջին տուրում երկու անպատասխան գնդակ են ուղարկել ՙՙԷլչեի՚՚ դարպասը: Հաջորդ խաղում նրանք հյուրընկալելու են ՙՙԼևանտեի՚՚ ֆուտբոլիստներին:


ՙՙՎալենսիայի՚՚ ու Մարդիրդի ՙՙԱտլետիկոյի՚՚ ֆուտբոլիստներն ունեն 17-ական միավոր:Վերջին տուրում այս առաջնությունը վերելքով մեկնարկած վալենսիացիները խոշոր հաշվով պարտվել են Դեպորտիվոյում, իսկ մադրիդցիները սեփական հարկի տակ երկու անպատսխան գնդակ են ուղարկել ՙՙԷսպանյոլի՚՚ դարպասը:


Առաջնության անվիճարկելի ռմբարկուն Կրիշտանու Ռոնալդուն է՝ ֆանտաստիկ արդյունքով. նա խփել է 15 գնդակ:


Իտալիայի առաջնության 7-րդ տուրում առաջին միավորներն են կորցրել առաջատար ՙՙՅուվենթուսի՚՚ ֆուտբոլիստները՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը ՙՙՍասսուոլոյի՚՚ հետ: Թուրինցիներն ունեն 19 միավոր ու հաջորդ խաղում մրցելու են ՙՙՊալերմոյի՚՚ հետ:


Առաջատարին մեկ միավորով է զիջում ՙՙՌոման՚՚, որը վերջին տուրում երեք անպատասխան գնդակ է ուղարկել ՙՙԿիևոյի՚՚ դարպասը: Մայրաքաղաքի թիմը հաջորդ խաղում հյուրընկալվելու է ՙՙՍամպդորիային՚՚
Ի դեպ, սա տուրի կենտրոնական հանդիպումն է. ՙՙՍամպդորիայի՚՚ ֆուտբոլիստներն ունեն 15 միավոր, երրորդ հորիզոնականում են, վերջին տուրում ոչ-ոքի են խաղացել ՙՙԿալյարիի՚՚ հետ:


15 միավորով չորրորդ հորիզոնականում ՙՙՄիլանի՚՚ ֆուտբլիստներն են, ովքեր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթել են ՙՙՎերոնա՚՚ ակումբին: Միլանցիների ճապոնացի հարձակվող Կեյսուկե Հոնդան դուբլի հեղինակ է դարձել: 8-րդ տուրում ՙՙՄիլանը՚՚ հյուրընկալելու է ՙՙՖիորենտինային՚՚:


Այս առաջնությում իր խաղը չի վերգտել ՙՙԻնտերը՚՚, որն առայժմ իններորդ հորիզոնականում է:


ՙՙՄիլանի՚՚ և ՙՙՅուվենթուսի՚՚ հարձակվողներ Կեյսուկե Հոնդան ու Կարլոս Տևեսը խփել են վեց գնդակ ու առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են:


Գերմանիայի առաջնությունում, տևական ընդմիջումից հետո, շարք է վերադարձել Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՙՙԲորուսսիայի՚՚ մեկնարկային կազմում անցկացրել է 68 րոպե, ստացել է ՙՙդեղին՚՚ քարտ, սակայն այլ բանով աչքի չի ընկել: ՙՙԲորսուսիան՚՚ էլ կրել է հերթական պարտությունն՝ այս անգամ ՙՙՔյոլնից՚՚, ու 14-րդ հորիզոնականում է՝ ընդամենը յոթ միավորով:


Առաջնության առաջատարը՝ ՙՙԲավարիան՚՚, ունի 20 միավոր:

 

 

Սուրեն Սուրենյանց