«Կարսը եւ Արդահանը վրացական հողեր են եւ արդար է, որ վերադարձվեն Խորհրդային Վրաստանին»:
/Ա.Վիշինսկի/

 

Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի պարտությունից հետո, մեծ տերությունների ղեկավարների միջև կայացած հանդիպումների ընթացքում, քննարկվել է Թուրքիային Խորհրդային Միության ներկայացրած ինչպես սևծովյան նեղուցների, այնպես էլ հայկական հողերի հարցը: 1945 թ. հուլիսի 16-ին, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Ա. Իդենը Վ. Մոլոտովին տեղեկացրել է, որ Լոնդոնում իր մոտ են եկել թուրքերը և ինքը հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիային ԽՍՀՄ-ի ներկայացրած հայկական հողերի պահանջների վերաբերյալ: Վ. Մոլոտովը պատասխանել է. «1921 թ. թուրքերը օգտվեցին այն բանից, որ Խորհրդային Միությունը թույլ էր և խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը: Խորհրդային Միության հայերն էլ վիրավորված են զգում իրենց: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ խորհրդային կառավարությունը հարց է բարձրացրել, որպեսզի օրինական ճանապարհով վերադարձվեն Խորհրդային Միությանը պատկանող հողերը»: Միաժամանակ, Մոլոտովը հիմնավորել է հայկական հողերը վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պնդելով, որ «այդ տարածքները չեն պատկանում թուրքերին»: Այս հարցի քննարկումը նույն ոգով շարունակվել է Պոտսդամում՝ Ստալին-Չերչիլ-Տրումեն հանդիպման ժամանակ: Հուլիսի 23-ի նիստում Ի. Ստալինը հայտարարել է. «Խոսքն այն մասին է, որ վերականգնվեն մինչև Ա համաշխարհային պատերազմը եղած սահմանները: Ես նկատի ունեմ Կարսի մարզը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում և Արդահանի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Վրաստանի կազմում»: Ի. Ստալինի կողմից Արդահանը վրացական տարածք հայտարարելը անակնկալ էր բոլորի, նաև հայության համար: 1945-ի դեկտեմբերին, բնականաբար Ստալինի թելադրանքով, Թուրքիային հողային պահանջներ ներկայացրեց Վրաստանը: Վրացի երկու ակադեմիականներ՝ Ս. Ջանաշիան եւ Ն. Բերձենիշվիլին Թիֆլիսի «Կոմունիստի» մեջ /1945թ. դեկտեմբերի 14/ «Թուրքիայի նկատմամբ մեր օրինական պահանջների մասին» վերնագրով հոդված հրատարակեցին: Դեկտեմբերի 20-ին այն ամբողջությամբ լույս տեսավ կոմկուսի «Պրավդա» պաշտոնաթերթում:

«Հիմնավորելով» իրենց հողային պահանջները Թուրքիայից, վրաց «գիտնականներն» այսպես են եզրափակել հոդվածը. «Վրացի ժողովուրդը հետ պետք է ստանա իր հողերը, որոնցից երբեք չի հրաժարվել եւ չի կարող հրաժարվել: Մենք նկատի ունենք Արդահանի, Արդվինի, Օլթիի, Թորթումի, Սպերի, Բաբերդի, Գյումուշխանեի եւ Արեւելյան Լազիստանի շրջանները, այսինքն Վրաստանից խլված հողերի ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՍԸ »: 1947 թ. հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Քաղաքական կոմիտեի նիստի ժամանակ, ԽՍՀՄ պատվիրակ Վիշինսկին, թուրք պատվիրակ Սելիմ Սալբերի այն հարցին, թե արդյո՞ք ԽՍՀՄ-ը շարունակում է հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային, հայտարարեց. «Կարսը եւ Արդահանը վրացական հողեր են եւ արդար է, որ վերադարձվեն Վրաստանին»: Վիշինսկու այս ցնդաբանությունը 1947 թ. հոկտենբերի 28-ին հրապարակեցին «Իզվեստիա» եւ «Պրավդա» թերթերը: Սփյուռքի բացահայտ ճնշման եւ դժգոհության պայմաններում, նույն թվի նոյեմբերի 25-ին, Նյու Յորքում՝ ԽՍՀՄ հյուպատոսարանում, Վիշինսկին հայտարարեց.«Ես չըսի թէ Կարսն ու Արտահանը կը պատկանին Վրաստանի: Չըսի նաեւ, թէ կը պատկանին Հայաստանին: Ես ըսի, որ Խորհրդային Միութիւնը պիտի առնէ Կարսն ու Արտահանը եւ պիտի տա անոր որուն կը պատկանի»:

 

ՀԳ - 1953 թ. մայիսի 30-ին, Անկարա հղված պաշտոնական հուշագրով, ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Թուրքիային տեղեկացրեց, որ Հայաստանն ու Վրաստանը հրաժարվում են իրենց տարածքային պահանջներից: