Իսկ դուք գիտեի՞ք, որ առանց նոտաների գրագիտության կարելի է դառնալ դասական երաժիշտ: Իհարկե, ժամանակակից երաժշտական կյանքում այդպիսի դեպքերը բացառություններ են կազմում: Այդպիսի բացառություններից ամենահայտնին Լուչիանո Պավարոտտին էր, ով չէր թաքցնում, որ չի կարողանում կարդալ նոտաները: Նրա լսողությունն ու օպերային պարտիաները սովորելու ունակությունը օգնեցին նրան, անկախ ամեն ինչից, դառնալ XX դարի մեծագույն տենորներից մեկը: Բայց ամեն դեպքում, հավատարիմ մնալը նոտայական բնօրինակին այսօրվա կատարողները օրինաչափ են համարում:


Իսկ, օրինակ, Բարոկկո դարաշրջանում (XVII-XVIII դդ.), յուրաքանչյուր երաժիշտ պարտավոր էր, բացի ֆիքսված նոտաներից, նաև սեփական իմպրովիզացիան անել: Այն երաժիշտը, ով ոչ մի իմպրովիզ չէր անի իր կատարման մեջ, այդ ժամանակ անհետաքրքիր էր համարվում: Ավելի ուշ այդ ավանդույթը շարունակեց Ֆերենց Լիստը. նվագելով ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նա դրանց հետ վարվում էր ազատ և համարձակ: 1838 թ.-ին գրում էին. «Նա այսօր կարող է նվագել մի կերպ, իսկ վաղը՝ լրիվ այլ: Միշտ նվագում է Լիստը, բայց նրա հոգին ամեն անգամ տարբեր է»:


Իմ համեստ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ կարծում եմ, որ մեր օրերում նման կերպ է վարվում Ռիչարդ Կլայդերմանը: Գուցե էլի կատարողներ կան, բայց ես մանկուց իր միջոցով եմ ճանաչել դասականներին:

 

Այնուամենայնիվ, այսօր մի քանի դար առաջվա երաժշտությունը միօրինակ չի հնչում: Շատ բան կախված է դիրիժորից, մենակատարից, նվագախմբից: Հակառակ դեպքում ինչպե՞ս կբացատրեք հայտնի դեպքը, երբ Բեթհովենի № 6 սիմֆոնիայի (Pastoral) կատարման համար դիրիժոր Կլեմպերերին անհրաժեշտ եղավ 10 րոպե ավելի, քան Կարայանին: Կամ ինչու՞ է Գլեն Գուդի կատարմամբ Բախի «Goldberg Variations»-ի առաջին ձայնագրությունը հնչում այլ կերպ, իսկ վերջինը՝ լրիվ այլ:
Այսպիսի բաներ չէին լինի, եթե կատարողները պահեին միօրինակությունն ու կատարեին այն, ինչ գրված էր բնօրինակում:

 

Գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերում ևս այդպես է. սցենարիսը պետք է իր խոսքն ասի, հակառակ դեպքում դա ուղղակի արտատպում կլինի: Չնայած, երբեմն, թե երաժիշտները և թե սցենարիստներ մի փոքր շատ են տարվում «սեփական խոսքով» և արդյունքում երաժշտությունն աղավաղվում է, իսկ ֆիլմը՝ անհետաքրքիր դառնում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: