Առողջ մարդու լեզուն բաց վարդագույն է, հարթ մակերեսով' առանց ճաքերի, փառակալման, բորբոքային պտկիկների: Հին հնդկական բժշկության' այուրվեդայի բուժակները միայն լեզվին նայելով կարողանում են ճշգրիտ որոշել, թե մարդն ինչ հիվանդություն ունի: Օրինակ, եթե լեզուն պատված է սպիտակ փառով, ապա մարդու մոտ աղեստամոքսային համակարգում ինչ- որ բան այն չէ:

 


Լեզվի մուգ կարմիր գույնը' առանց փառակալման և հարթ մակերեսով, վկայում է լյարդի քրոնիկական անբավարավածության, իսկ դեղնավուն երանգը' լյարդի և միզապարկի հիվանդությունների մասին: Լեզվի ճաքերը հուշում են էնդոկրին համակարգի, երիկամների և արյան հիվանդությունների մասին: Լեզուն երկնագույն-վարդագույն երանգ է ձեռք բերում արյան զարկերակային բարձր ճնշման' հիպերտոնիայի ժամանակ, գորշակապույտ է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, իսկ չափազանց գունատ երանգը զգուշացնում է, որ պետք է արյան հեմոգլոբինը ստուգել: Եթե լեզուն չորանում է, ապա օրգանիզմը ջրազրկվել է կամ թունավորվել: Լեզվի չորություն է նկատվում նաև խոցերի սրացումների ժամանակ: