Տանկի կրակային հզորությունը սեփական աչքերով տեսնել առաջին անգամ ինձ վիճակվեց, երբ արցախյան պատերազմը նոր-նոր էր թափ հավաքում: Ուշ աշնանային մի պայծառ օր այն ժամանակ դեռևս ադրբեջանաբնակ Քյոսալար գյուղի մերձակա բարձունքներից մեկի մի բացատում տեղադրված թնդանոթից ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտը: Հրետակոծում էին լկտիաբար, համոզված սեփական անպատժելիության մեջ' անգամ չհոգալով կրակային դիրքի քողարկման մասին. նախ բարձունքի վրա ակնթարթորեն փայլատակում էր ամեն կրակոցի հետ հրանոթի փողաբերանից դուրս ժայթքող բոցը, վայրկյաններ անց արդեն Ստեփանակերտի որևէ թաղամասից լսվում էր իր նշանակետը խոցած արկի պայթյունի ահազդու ձայնը, այնուհետև Քյոսալարից Ստեփանակերտ էր հասնում արդեն իսկ ավարտված կրակոցի խուլ պայթյունը:


Մեր ցածլիկ տունը այդ ժամանակ գտնվում էր ներկայիս հանրապետական զինկոմիսարիատի դիմաց' խցկված իր պես ցածլիկ, հին Ստեփանակերտի անորսալի հմայքը պահպանած տների արանքը:

Ադրբեջանցիների այդ հրետանային ահաբեկչության երկրորդ թե երրորդ օրը հիշում եմ անգամ պատերազմի պայմաններում խաղաղ թվացող մեր փողոցը մեկեն լցրած հզոր շարժիչի հռնդյունը և մեր տան բոլոր ապակյա իրերի ու լուսամուտների տարօրինակ թրթռոցը. Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին ՙS-72՚-ներից մեկը' անշտապ, նման իր անսահման ուժին վստահ բարի հսկայի, գնում էր խաղաղ բնակչությանը հրետակոծող ավազակներին պատժելու:


Այդ տանկը մեկ կամ երկու դիպուկ կրակոցով վերջ դրեց Քյոսալարի թուրքերի հրետանային կենսագրությանը:


Այդ օրվանից անցել է շուրջ քսան տարի. հիմա դժվար, գրեթե անհնար է պարզել այդ մարտական մեքենայի հետագա ճակատագիրը, բայց կարելի է համոզված լինել, որ նա այսօր էլ ՊԲ զորամասերից որևէ մեկում շարունակում է իմ պատանեկության հեռավոր աշնան այդ պատերազմական օրը իր սկսած գործը' պաշտպանում է մեր երկրի անհանգիստ խաղաղությունը

 

 

Սուրեն Սարումյան