ՙՙՑավում եմ, որ սահմանադրական բարեփոխումները երբեմն սոսկ դիտարկվում են քաղաքական շահերի պրիզմայով, մինչդեռ այն հիրավի ունի համաժողովրդական ուղղվածություն, ի զորու է լուծելու անհատ մարդուն հուզող բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ՚՚- ասել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:


Ես էլ զարմանում եմ պարոն Դանիելյանի զարմանքի վրա, որովհետև Մայր օրենքն ու դրա ընդունման գործընթացը Հայաստանում միշտ էլ եղել է քաղաքական կոնյուկտուրայի պատանդը:


1995-ին, երբ պետք է ընդունվեր Հանրապետության սահմանադրությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն այդ գործընթացը մեկտեղեց խորհրդարանական ընտրությունների հետ:


Իշխանության միավորումն իր համամասնական ցուցակը ՙՙհարմարեցրեց՚՚ սահմանադրության ընդունման հրամայականին՝ դրանում ընդգրկելով բյուրոկրատիային, որը պետք է անհրաժեշտ թվով ՙՙայո՚՚-ներ ապահովեր:


Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկում չեղավ, որովհետև օրվա ընդդիմությունը շարունակ պնդում էր, որ Մայր օրենքը հարմարեցված է Տեր-Պետրոսյանի հավակնություններին:


1995-ի հուլիսի 5-ին ընդունված սահմանադրությունը չդարձավ բոլորինն ու ամբողջ հասարակությանն, որովհետև հանրաքվեի արդյունքների օրինականության հարցում քաղաքական ու հասարակական կոնսենսուս չկայացավ:


Չնայած դրան՝ այդ սահմանադրությունն երկու անգամ ցույց տվեց իր կենսունակությունը՝ 1998-ի իշխանափոխության ու հատկապես 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո առաջացած ճգնաժամի հաղթահարման ժամանակ:


Մեր հետագա նախագահները կրկնեցին նույն սխալները. Քոչարյանը սահմանդրության բարեփոխման զույգ փորձերն արեց ընդդիմության հետ առճակատման ֆոնին, Սերժ Սարգսյանը նույնը անում է հիմա, երբ գործընթացը օբյեկտիվերեն նույնանում է իշխանության վերատադրության հետ:


Այս ամենի արդյունքում՝ սահմանադրությունն արժեզրկվում է, հասրակական ու քաղաքական կոնսոլիդացիայի իր առաքելությունը կատարելու փոխարեն՝ դառնում է այն սահմանագիծը, որը տրարանջատում է իշխանությանն՝ ընդդիմությունից ու հասարակության մի ստվար հատվածից:


Սա է մեր իրականությունը ու, դժբախտաբար, սահմանադրական ռեֆորմի այս գործընթացն ու հանրաքվեն դարձյալ չեն ապահովելու հասարակական, քաղաքական կոնսենուս:


Հիմա էլ Մայր օրենքի բարեփոխման գործընթացն ուղղակիորեն ասոցացվում է մեկ այլ գործընթացի հետ, որը կոչվում է նոր իշխանության ձևավորում, 2017-18-ի ընտրական ցիկլ: Քաղաքական ուժերի համար՝ սա ավելի կարևոր է, քան՝ Մայր օրենքի բարեփոխումը կամ բովանդակությունը:


Այնպես, որ պարոն Դանիելյանին հիասթափություն է սպասում. այս գործընթացը դարձյալ դուրս է լինելու բովանդակային քննարկումների հարթությունից ու ՙՙդիտարկվելու է քաղաքական շահերի պրիզմայով՚՚:

 

 


Սուրեն Սուրենյանց