Հայաստանում մի օրինաչափություն կա. բոլոր կուսակցականներն ուզում են, որ իրենց առաջնորդը երկրի նախագահ դառնա:


Պարզ է, թե ինչու:


Մեր պատկերացման մեջ՝ իրական իշխանությունը հենց երկրի նախագահն է ու, երբ մեր ՙՙմարդը՚՚ դառնա երկրի նախագահ, լավ կլինի նաև մեր ու մեր շրջապատի համար:


Շատ հաճախ առաջնորդները լռում են, սակայն շարքերն ինտենսիվորեն պատրաստում են նրա առաջադրումը, նախագահ դառնալու հեռանկարը:


Օրինակ, 2013թ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ հուշում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, սակայն նրա կողմնցկիցները համառորեն հակառակն էին պնդում՝ ընդհուպ մինչև առաջին նախագահի հարցազրույցի նախօրյակը:


Հիմա վերջին օրերին մամուլն ակտիվորեն շրջանառում է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է նախագահի պաշտոնում:


Ես ԲՀԿ նախագահից երբեք հրապարակավ չեմ լսել, որ նա նման ցանկություն ունի: Ութ-ինն ամիս առաջ. երբ ես նրա հետ մասնավոր հանդիպում եմ ունեցել, պարոն Ծառուկյանը նույնպս նման բան չի ասել:


Իհարկե, դա չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը նման մտադրություն ունենա՝ մանավանդ, որ հասարկության մի ստվար հատվածի քաղաքական համակրությունը վայելում է:


Սակայն, եթե անգամ հարգարժան գործիչը նման ցանկություն ունի, այս պահին աղմուկն անտեղի ու արհեստական է:


Նախ, Հայաստանի նման երկրներում ոչ ոք՝ ընտրությունից երեք տարի առաջ, չի բարձրաձայնում նախագահ դառնալու մտադրության մասին: Համենայն դեպս, լուրջ գործիչները, որովհետև մինգամից դառնալու են իշխանությունների ճնշումների ու չուզողների հարձակումների թիրախը:


Երկրորդը, իշխանությունը մտադիր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել ու պարզ չէ, թե նախագահի պաշտոնը դրանից հետո ինչ կշիռ կունենա:


Ծառուկյանը լուրջ բիզնեսմեն է, նա լավ է հասկանում խոսքի արժեքը ու նաև որևէ գործի ռիսկայնությունը ու դժվար թե՝ ֆալստարտով փչացնի իր որևէ մտադրություն, եթե այդպիսին իրականում կա:

 

 

 Սուրեն Սուրենյանց