Կատալոնիայի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել տարածաշրջանի անկախացման նպատակով սեպտեմբերի 9-ին անցկացվելիք հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:
Իհարկե, Բարսելոնայում ասում են, որ անկախության համար պայքարը շարունակելու են, սակայն ակնհայտ է, որ հանրաքվեի կասեցման որոշումը կայացվել է Իսպանիայի կենտրոնական իշախանությունների ճնշմամբ ու երկրի ՍԴ որոշման պարտադրանքով:

 


Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Իսպանիան միատարր պետություն է, այդ իսկ պատճառով «ինքնիշխանության հարցերը պետք է լուծեն իսպանացի, այլ ոչ թե միայն մեկ տարածաշրջանի ժողովուրդը»։
Կասկած չունեմ, որ այս արգումենտն ոգևորելու է պաշտոնական Բաքվին, որը մոտավորապես նույն փաստարկներով հակադրվում է Արցախի ինքնորոշման ու անկախության գաղափարին:
Արտաքուստ Կատալոնիայի ու Ղարաբաղի, Իսպանիայի ու Ադրբեջանի իշխանությունների փաստարկների միջև նմանություններ կան:

 


Սակայն՝ միայն արտաքուստ:
Տարբերություններն ավելի շատ են:
Նախ, Իսպանիան դեմոկրատական երկիր է՝ ի տարբերություն Ադրբեջանի, ու, եթե անգամ Կատալոնիան չանկախանա, տեղացիներին ֆիզիկական բնաջնջում ու ճնշումներ չեն սպառնում:
Երկրորդ, Մադրիդին, ի տարբերություն Բաքվի, հետևողականորեն իրականացնում է իշխանության ապակենտրոնացման քաղաքականություն՝ մի շարք լիազություններ պատվիրակելով Բարսելոնային:

 


Եվ վերջապես՝ Արցախի ժողովուրդն, ի տարբերություն, կատալոնականի, միակամ է անկախության հարցում: Կատալոնական հասարկությունն ինքնիշխանության հարցում երկփեղկված է, որովհետև Իսպանիայից անկախանալը՝ ենթադրում է նաև Եվրամիության անդամությունից հրաժարում:

 

 

Սուրեն Սուրենյանց