Արդեն մի քանի մարզային հանրահավաքներից հետո պարզ դարձավ, որ այն մտավախությունը, որ հերթական անգամ հասարակությունն ականատես է լինելու ընդդիմության ձախողմանը, կարծես աստիճանաբար իրականության է վերածվում: Ուղղակի ձախողման հնարավոր պատճառների ցանկն այս անգամ համալրեց ավելի բացասական մի տարր, ինչն, ըստ էության, հանրահավաքի կազմակերպիչների կազմակերպչական թույլ աշխատանքի արդյունք է:

 

Խոսքը վերաբերում է ոչ թե հանրահավաքի հետ առնչվող տեխնիկական հարցերին կամ հավաքին եկող մարդկան սակավությանը կամ պասիվությանը, այլ որ ոչ պակաս կարևոր հանգամանք է՝ բեմահարթակից ելույթ ունեցող քաղաքական գործիչներին: Խնդիրը կայանում է նրանում, որ երեք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթները թե՛ կառուցվածքային և թե՛ թեմաների արդիականության առումով կրում են ավելի շատ տեսական, քան՝ կիրառական բովանդակություն. ելույթներում բացակայում է ոգեկոչման կամ հուսադրման տրամադրություններ արտահայտող մոտեցումներ:

 

Բանախոսները հիմնականում աչքի են ընկնում չոր, թերի, հանդիսատեսի ականջին ոչ հաճելի կոչերով և հայտարարություններով: Արդյունքում մարդիկ աստիճանաբար կորցնում են հավատը, հույսը, համակրանքը ընդդիմադիր Եռյակի նկատմամբ, թե առանձին առանձին և թե երեք քաղաքական ուժերը միասին վերցրած:
Ուստի ափսոսանքով պետք է արձանագրենք, որ Եռյակը գնալով հիասթափեցնում է:

 

 

 

Մարատ Ստեփանյան