«Աստված էլ բեթարից ազատի» հայտնի ժողովրդական խոսքն այս դեպքում համընկնում է Սիրիայում գործող ահաբեկչական կառույցների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ Սիրիայի տարածքում գործում է «Ալ-Կաիդայի» (ԱԿ) մասնաճյուղը համարվող Իրանի արևելյան «Խորասան» նահանգի անվանումը կրող ահաբեկչական կազմակերպությունը, որն, ըստ ամերիկյան փորձագետների, Վաշինգտոնի համար շատ ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետությունը» (ԻՊ): «Խորասանն» անմիջապես ենթարկվում է ԱԿ-ի առաջնորդ Այման ալ-Զաուահիրիին և ձևավորվել է կազմակերպության «հին գվարդիայի» ներկայացուցիչներից, ում ամիսներ առաջ ալ-Զաուահիրիին ուղարկել էր Սիրիա՝ ԱԿ-ին հարող, բայց միմյանց դեմ մարտնչող «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իսլամական պետություն» կազմակերպություններին հաշտեցնելու նպատակով:

 


«Խորասանն», ի տարբերություն ԻՊ-ի, նպատակ չի դնում տարածքներ գրավելու: Կազմակերպությունն առավելապես մասնագիտանում է մարդատար օդանավերի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ: Խմբավորման անդամները Սիրիա են ժամանել աֆղանապակիստանյան սահմանամերձ շրջաններից՝ զինյալների շարքերից հավաքագրելու ամերիկացի և եվրոպացի քաղաքացիների՝ արևմտյան պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով. Սիրիա եկած «Խորասան» կազմակերպության բոլոր զինյալներն Աֆղանստանում մարտական գործողությունների հարուստ փորձ ունեն:

 


ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կլեպերի խոսքով՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար «Խորասանից» բխող սպառնալիքները գերակայում են ԻՊ-ի առաջացրած մարտահրավերներին:
Ինչպես երևում է, Սիրիայում ԱՄՆ-ի թիրախներն ավելանում են, իսկ սա նշանակում է, որ արդեն մոտ ապագայում արևմտյան կոալիցիան ավելի կակտիվացնի իր գործողությունները Արաբական Հանրապետության տարածքում:

 

 

 

Արմեն Պետրոսյան