Շրջանառության հարկի մասին օրենքի շուրջ բողոքն ու դրանով պայմանավորված իրադարձություններն աստիճանաբար ավելի հետաքրքիր ընթացք են ստանում: ԲՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել վաճառականներին ու դրանով իսկ բողոքի գործընթացին քաղաքական երանգ հաղորդել:
Այս առնչությամբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է . «Այդ օրենքի փիլիսոփայությունը իրականում վատը չէ: Շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջնում է մեկ տոկոսի: Մենք դրան կողմ ենք քվեարկել: Եթե անկեղծ լինենք, այս քայլը կարող էր լավ նպատակ հետապնդել, բայց պարզվում է, որ այն կիրառման ընթացքում որոշակի գործընթացներ է նախատեսում, որը փոքր եւ միջին բիզնեսին դնում է հարվածի տակ, դարձնում խոցելի»:

 


Ս. Մարգարյանը, ճիշտ է, փորձել է բացատրել օրենքի ընդունման և կիրառման փուլերում առկա ԲՀԿ-ի դիրքորոշումների ընդգծված տարբերությունները, բայց չէի ասի, թե դա նրա մոտ հաջողվել է: Քանի որ եթե ԲՀԿ-ն քվեարկել է օրենքի օգտին, մասնակցել է ԱԺ-ում այդ օրենքի քննարկումներին, ենթադրաբար, նա քվեարկելիս արդեն օրենքի մանրամասնորեն ծանոթ է եղել: Հնարավոր է նաև, որ քաղաքական ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, այս դժգոհությունը որոշ չափով կանխատեսել էին:

 


Սույն իրադրությունը բավականաչափ զարմանալի ու տարօրինակ է ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի գործունեության տրամաբանությունը քննելիս: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը ներառում է շահարկման որոշ տարրեր:

 

 

 

Դավիթ Պետրոսյան