20 տարի առաջ, 1994թ-ի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանն ու վեց երկիր ներկայացնող 11 նավթային ընկերությունների կոնսորցիումը կնքեցին ՙՙդարի պայմանագիրը՚՚:


Բոլորը խոսում էին ադրբեջանական բարեկեցիկ կյանքի հեռանկարի մասին՝ համեմատություններ անցկացնելով Նորվեգիայի ու Քուվեյթի հետ:


Վարդագույն երազանքները չիրականացան. Ադրբերջանը շարունակում է մնալ հետամնաց հումքային երկիր:


Դրա պատճառն այն է, որ առաջնահերթությունը տրվեց ինֆրաստրուկտուրայի կայացմանը, հաճախ՝ մարդկային ռեսուրսի զարգացման հաշվին:


Իհարկե, սա ապահովեց քաղաքական ու տնտեսական կայունությունն Ադրբեջանում, սակայն խորացրեց նաև ավտորիտար միտումներն ու կոռուպցիան՝ քաղաքացիներին օտարելով պետությունից:


Հարևան երկրի տնտեսությունը զարգանում է անհամաչափ ու ոչ արդյունավետ:


Զարգացած նավթային արդյունաբերության մեջ զբաղվածություն ունի ադրբեջանական աշխատուժի ընդամենը 1%-ը, իսկ օրինակ գյուղատնտեսության բնագավառում զբաղված է ադրբեջանցիների 40%-ը:


Նավթադոլարները ներդրվում են նավթային ինֆրաստուկտուրայի զարգացման վրա, ծառայեցվում են պետական ավտորիտար համակարգի ներդրմանն ու ռազմական բյուջեի մեծացմանն՝ ավելի կոռուպցիոն ու ռիսկային դարձնելով բանակի ղեկավարումը:


Կրթությունն, առողջապահությունը, սոցիալական պաշտպանվածությունն, ընդհակառակը, անտեսվում են:
Օրինակ, Ադրբեջանի 2003 թ-ի բյուջեում սոցիալական կարիքներին բաժին էր ընկնում ծախսային մասի 18,2%, հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով 9,7%-ի: Կրթության ծախսերը 23,7%-ից դարձել են 11,6%, առողջապահությանը՝ 5%-ից 4,3%:


Համաշխարհաին բանկի տվյալներն ավելի մռայլ են. ըստ այդմ՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի ընդամենը 1%-ն է ծախսվում սոցիալական կարիքների վրա:


Պատահական չէ Ադրբեջանում տարածում գտած ժողովրդական մի ասվածքը՝ ՙՙՙՆավթ՚՚ բառը պատկանում է մեզ, դրա համն՝ ուրիշներին՚՚:


Այդ ՙՙուրիշները՚՚ Ադրբեջանի կոռումպացված էլիտաներն ու օտարերկրյա նավթային ընկերություններն են:
Ադրբեջանական խոստացված հրաշքը վերաբերում է միայն էլիտային, իսկ ժողովուրդն ապրում է չարքաշ կյանքով...

 

 

  Սուրեն Սուրենյանց