Անցյալ շաբաթ երբ ես գրել էի, որ սահմանադրական բարեփոխումների թեմայով ՙՙԺառանգության՚՚ նախաձեռնած քննարկումը տեղափոխվելու է բովանդակային հարթություն՝ հարգարժան Ռուբեն Հակոբյանն ինձ առարկել էր:


Երեկ, երբ ես հետևում էի քննարկումներին, համոզվեցի, որ չեմ սխալվել:
Ավելին, իշխանությունն ապահովել էր նեկյայացուցչական մասնակցություն այս հավաքին ու կարողացավ ընդդիմության նախաձեռնությունն օգտագործել քաղաքական ֆորմատով առաջին լուրջ քննարկումը կազմակերպելու համար:


Այս առումով էի գրել, որ ՙՙԺառանգությունն՚ ակամայից օգնում է, որպեսզի իշխանության առաջարկած քաղաքական օրակարգը դոմինանտ դառնա:


Իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ իսկսպես տարօրինակ վիճակ է ստեղծվել:
Սկզբունքային դիրքորոշում ունեն, թերևս, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. առաջինը միշտ կողմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին ու շարունակում է հետևողականորեն կողմ լինել:
ՀԱԿ-ը այս ռեֆորմին դեմ է եղել թե բովանդակային և թե քաղաքական մոտիվներից ելնելով ու շարունակում է մնալ իր դիրքորոշմանը:


Հանրապետական մեծամասնությունն անցած տարիներին միշտ կարևորել է ՙՙուժեղ ձեռքի՚՚ իշխանությունը, խոսել է այն մասին, որ կիսպապատերազմական իրավիճակում նախագահական կատավարմանն այլկընտրանք չկա, սակայն հիմա հարկադրված է տրամագծորեն հակառակը խոսել: Դրա համար՝ իշխանության ճամբարում առաջին պլան են մղվել ոչ թե քաղաքական դեմքերն, այլ՝ մասնագետ իրավաբանները:


ԲՀԿ-ն ու ՙՙժառանգությունն՚՚՝ իրենց ծրագրային փաստաղթերում, միշտ կարևորել են անցումը խորհրդարանական կառավարմանը, սակայն այսօր ռեֆորմին դեմ են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իհարկե, այս կուսակցությունները նահանջի ճանապարհ թողել են:
Ասենք, Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերջնական դիրքորոշումը խոստացել է հայտնել, երբ սեղանին կլինի կոնկրետ նախագիծ, Ռուբեն Հակոբյանը խոսել է երեք պայմանի մասին, որոնց բավարարումը թույլ կտա, որպեսզի ՙՙԺառանգությունը՚՚ կողմ լինի սահմանադրական փոփոխություններին:


Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությանը չի հաջողվելու սահմանադրական փոփոխությունների գործընթացն օգտագործել իշխանությանն անվստահություն հայտնելու համար:
Ենթադրում եմ, որ գործընթացի ինչ-որ հանգրվանում պարզ է դառնալու, որ այդ փոփոխություններին արմատապես դեմ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, մյուս ընդդիմախոսներն ունենալուն են վերապահումներ ու ոչ միանշանակ գնահատականներ:

 

 


Սուրեն Սուրենյանց