Կարծում եմ՝ այդ առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում, քանի որ Հայ ժողովրդի պատմությունը վերջին 1700 տարիներին ընթացել է պետություն-եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունների ներքո և այդ տեսանկյունից հայերի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է վերոհիշյալ երեք ինստիտուտների առանձին-առանձին, մանրամասն ուսումնասիրություն: Առարկան կարևոր է այնքանով, որ դրա շրջանակներում հնարավորություն է ստեղծվում երեխաներին որոշակի տեղեկություններ հաղորդել նաև նախնադարյան հավատալիքների, հեթանոսական դիցարանների և մյուս կրոնական համակարգերի վերաբերյալ:

 


Չնայած առարկայի դասավանդման պահանջվածությանը, այստեղ խնդիր է առաջանում, թե ինչպես է այն դասավանդվում և եթե այդպես է դասավանդվելու, արդյոք պետք է, որ դասավանդվի:
Փաստենք, որ 5-րդ դասարանի դասագրքի նյութն ամբողջությամբ լղոզված է: Գիրքը ամբողջությամբ նվիրված է Հին և Նոր կտակարաններին: Կարծում եմ՝ դրա փոխարեն վերոհիշյալ դասագիրքը ամբողջությամբ կարող էր նվիրված լինել Հայոց դիցարանին, նախնադարյան հավատալիքներին, էպոսին, հայկական առասպելաբանությանը, իսկ այս ամենի հետ միասին կարող էին զուգորդվել Աստվածաշնչյան պատմությունները և մյուս ժողովուրդների դիցարանները:

 

Փոխարենը Հայոց դիցարանի և մյուս կրոնների վերաբերյալ աղքատիկ և որոշ դեպքերում նույնիսկ սխալ տեղեկություններ են հաղորդվում 7-րդ դասարանում: 6-րդ դասարանում խոսվում է Քրիստոնեական մյուս ուղղությունների մասին, հաղորդվում է նույնպես ոչ օբյեկտիվ ինֆորմացիա՝ շեշտադրելով Հայ եկեղեցու առավելությունը մյուսների նկատմամբ: 7,8,9-րդ դասարաններում ներկայացվում է եկեղեցու պատմությունը Հայկական պետականությունների, օսմանյան, պարսկական, ռուսական տիրապետությունների, ազատագրական պայքարի և Խորհրդային միության տարիներին:

 

Սրանցում նույնպես թերությունները բազմաթիվ են, չկա որևէ պատմա-քաղաքական ակնարկ պետություն-եկեղեցի-ժողուվուրդ փոխհարաբերությունների վերաբերյալ:Հեղինակները օբյեկտիվ չեն գտնվել եկեղեցի-սուլթան-շահ-ցար փոխհարաբերությունները նկարագրելիս և վերջապես 9-րդ դասարանում մի ստվար տեքստով խոսվում է ներկայիս կաթողիկոսի գործունեության վերաբերյալ: Կարծում եմ պատմագիտական ֆիլտրերով չանցած և դեռևս ողջ մարդու մասին անչափահաս երեխաներին ինֆորմացիա հաղորդելը մեղմ ասած կոռեկտ չի, մանավանդ, որ այդ անձը ժողովրդի մեծ մասի կողմից ատելի Գարեգին Բ-ն է:
Եվ որպես վերջաբան նշենք ամենամեծ բացթողումը, որը առկա է նաև Հայոց պատմության դասագրքերում, այն է՝ ռազմահայրենասիրական տարրի չափից դուրս, նույնիսկ ավելորդ գործածությունը, ճոռոմաբանությունը և այլն:

 


Ըստ մեր դասագրքերի Հայոց պատմության մեջ ոչ մի բացասական և արատավոր երևույթ տեղի չի ունեցել.երբ այդ երեխաները մեծանան, «հայհոյելու» են իրենց ուսուցիչներին:
Թերևս այսքանը. չնայած, որ ասելու շատ բան կար:

 

 

Կարպիս Փաշոյան