Մարզախաղի գոյության մասին բազմաթիվ վկայություններ կան պատմության էջերում։ Հին Հունաստանում գնդակախաղը մեծ տարածում ուներ, բայց շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին հռոմեական «հարպաստում» խաղին, որը Գալլիայում ու Բրիտանիայում խաղում էին Հուլիոս Կեսարի լեգեոներները։ Ք. ա. VI - IV-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել գնդակախաղի մի տեսակ, որը նույնպես զինվորականների զբաղմունք էր։ Ավելի ուշ' Ք. ա. III - I դարերում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ «Չժու» նշանակում է հարված ոտքով, «կե»-ն' կաշվե գնդակ։ VI դարում Ճապոնիայում սիրված է եղել «կոմերի» խաղը։ Խաղադաշտում գտնվող ութ խաղացողները, հատուկ կանոնակարգի համաձայն, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։ Միջնադարյան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տարածված էր «կալ չիե» գնդակախաղը։ Մրցույթները կազմակերպվում էին տարին երկու անգամ' մայիս եւ հունիս ամիսներին: Այնուամենայնիվ, ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են արդի ֆուտբոլի կանոնները: Ֆուտբոլային առաջին ակումբը' «Շեֆիլդ Յունայթեդը» (1855-1957) հիմնվել է Անգլիայում: