Ես ինքս կառավարման նախագահական մոդելի կողմնակից եմ ու գուցե այդ պատճառով անհամաձայնությունս հայտնեմ սահմանադրական այն ռեֆորմին, որն անցում է ենթադրում կառավարման խորհրդարնական համակարգին:


Բայց գործընթացին ակտիվ մասնակցելու եմ՝ չխորշելով նաև բովանդակային քննարկումներից, բանավեճերից, որովհետև խորապես համոզված եմ, որ ակտիվ մասնակցային ձևաչափը շատ ավելի արդյունավետ ու ռացիոնալ է, քան նեղացածի կարգավիճակը:


Սահմանադրական ռեֆորմի գործընթացն, ըստ էության, սկսված չէ, սակայն արդեն այն ուղեկցվում է միֆերով, կարծրատիպերով:


Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը գնում է վերարտադրության՝ հենց այդ նպատակով էլ փոխելով սահմանադրությունը:


Իշխանության վերարտադրության ցանկությունը կասկածի տակ չեմ դնում ու չեմ էլ կասկածում, որ նաև այս գործընթացը փորձելու է ծառայեցվել այդ նպատակին: Մյուս կողմից՝ չեմ ուզում արհեստականորեն ուղիղ կապ տեսնել այս գործընթացի ու իշխանության վերարտադրության միջև:


Իշխանության վերարտադրության հնարավորություն տալիս է նաև այս սահմանադրությունը:


Հայաստանն այլևս եվրոպական հովերով չի ՙՙտառապում՚՚, արագացված տեմպերով ինտեգրվում է ՙՙբռնապետների ակումբին՚՚: Ըստ այդմ, ոչինչ չէր խանգարի, եթե կառավարման համակարգը փոխելու փոխարեն՝ վերանայվեր մեկ հոդված. վերացվեր այն արգելքն, որը խանգարում է նույն մարդուն երրորդ անգամ անընդմեջ դառնալ նախագահ( ի վերջո, դարձյալ հնչելու էր իշխանության վերարտադրության նույն մեղադրանքն, ինչը լսում ենք նաև այսօր): Աշխարհը ՙՙմարսել՚՚ է հետսովետական տարածքի այս ՙՙկապրիզը՚՚: Ի վերջո, նման արգելք գոյություն չունի նաև դեմոկրատական Ֆրանսիայի սահմանադրությամբ:


Սերժ Սարգսյանը կարող էր վերարտադրվել նաև ռուսական կամ թուրքական սցենարով:
Հնարավոր է գտնել լոյալ մի գործիչ, նրան դարձնել նախագահ՝ վարչապետի կարգավիճակով փաստացի ղեկավարել երկիրը: ՙՙՀայկական Մեդվեդեև՚՚ գտնելն անքան էլ բարդ խնդիր չէ՝ մանավանդ, որ ընդդիմությունը չունի անվիճելի առաջնորդ, որին հաղթելը վեր լինի իշխանության գործչի հնարավորություններից:


Հիմա Սեր Սարգսյանը հրաժարվել է ընտրել իշխանության վերարտադրության ՙՙսովետական՚՚ ,ՙՙտապոռային՚՚ սխեմաները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ կառավարման նոր համակարգի պարագայում չի զբաղեցնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնները:


Մի խոսքով, ամեն դեպքում՝ երկրի դե յուրե ղեկավար չի լինելու:
Բոլորն ասում են, որ միևնույն է՝ նա պահպանելու է ՀՀԿ ղեկավարի պաշտոնը ու փաստացի ղեկավարելու է երկիրը:


Գուցե, բայց եթե ՀՀԿ-ն օրինական ընտրություններով կամ ՙՙտոկոս խփելով՚՚ պահպանելու է իշխանությունն, ապա ինչ կապ ունի դրա հետ սահմանադրական փոփոխությունը:
Եթե հասարակությունը վստահելու է հանրապետականներին կամ հանդուրժելու է, որ նրանք ՙՙտոկոս խփեն՚՚, բացարձակապես էական չէ, թե ինչ կարգավիճակով է շարունակելու ղեկավարել Սերժ Սարգսյանը:


Մյուս թեզն էլ, որ դարձյալ աղերս չունի իրականության հետ, շրջանառու է դարձրել իշխանությունը: Թե իբր տեսեք՝ այնքան ժողովրդավար ենք, որ անցում ենք կատարում խորհրդարանական համակարգին:
Ժողովրդավարության հիմքը քաղաքացու ազատությունն է, առաջին հերթին՝ ընտրելու իրավունքը:


Դա կապ չունի կառավարման համակարգի հետ: Կառավարման համակարգը կարգավորում է հարաբերությունների համակարգ, որն առավելապես ուրվագծում է քաղաքական, պետական սուբյեկտների հարաբերությունները:


Նախագահական կառավարում ունեցող ԱՄՆ-ը ժողովրդավարական է, նույն կառավարումն ունեցող Ադրբեջանն՝ ավտորիտար: Խորհրդարանական համակարգ ունեցող Իսրայելում ոչ ոք չի վիճարկում ընտրությունների արդյունքները, բայց նույն Հիտլերը աշխարհին մարտահրավեր նետեց խոհրդարանական կառավարում ունեցող երկրի ղեկավար լինելով:


Նույնիսկ միջնադարյան միապետությունները լեգիտիմության որոշակի համակարգ են ունեցել՝ հիմնված գրված ու չգրված կանոնների վրա:


Հայաստանը մի լրջագույն խնդիր ունի. դա ընտրական ինստիտուտների վերականգնումն է. երբ քաղաքացին սեփական քվեյով իշխանություն է ձևավորում՝ իր կյանքի որակը բարելավելու համար: Քաղաքացուն առանձնապես չի հուզում, թե իր կյանքի որակը բարելավող իշխանության մեջ ինչ ֆունկցիոնալ դերակատարություն ունեն նախագահը կամ վարչապետը:


Չի հետաքրքրում՝ ոչ դեմոկրատական ԱՄՆ-ում, ոչ տոտալիտար Ռուսաստանում: Չեմ կարծում, որ հետաքրքրելու է Հայաստանում, ու Սյունիքի կամ Տավուշի մարզերում պապիկներն ու տատիկները ինտերնետ ակումբների մոտ հերթ են կանգնելու՝ կառավարման համակարգի առանձնահատկությունները հասկանալու համար:


Եթե ընդդիմությունը մտահոգված է իշխանության վերարտադրության հեռանկարից, ապա խոստովանում է իր էլեկտորալ թուլությունը կամ ընտրական գործընթացը վերահսկելու անկարողությունը:


Սակայն սա ուղղակի կապ չունի սահմանադրական ռեֆորմի հետ ու խոսակցության այլ թեմա է...

 

 


Սուրեն Սուրենյանց