Երեկ ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները պաշտոնական գրությունով դիմել են Գալուստ Սահակյանին՝ հրավիրել խորհրդարանական լսումներ «Արտագաղթ. Իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով:


Նախ' արտագաղթի խնդիրը, որպես այդպիսին, չափազանց տարողունակ ու լայն խնդիր է և, չեմ կարծում, թե այն կարող է քննարկման առարկա դառնալ լսումների ձևաչափում: Այս խնդիրը տարբերվում է մնացածներից իր ավելի շատ հետևանքային բնույթով: Այսինքն' ինքը որևէ պրոբլեմի սկիզբ չէ, այլ ընդհակառակը, այն առաջանում է մի շարք պրոբլեմների արդյունքում: Իսկ դա նշանակում է, որ ըստ էության, Աժ-ում քննարկվող բոլոր հարցերն էլ այս կամ այն չափով վերաբերում են արտագաղթի խնդրին: Ստացվում է, որ գործնականում արտագաղթի խնդիրը միշտ էլ ուշադրության կենտրոնում է:


Մյուս կողմից, որքան էլ արտագաղթի երևույթը կազմված լինի համալիր խնդիրներից, նրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են: Եվ հակառակը' որքան էլ մնացած պատճառները ծանրակշիռ լինեն կամ տվյալ պահին ունենան կարևոր նշանակություն, միևնույն է, լայն առումով երկրորդական են, ու արտագաղթը պայմանավորող առաջին գործոնը մնում է տնտեսությունը' յուր խնդիրներով: Սա նշանակում է, որ լուծել տնտեսական խնդիրներ, քննարկել տնտեսական բարեփոխումների ծրագրեր, նշանակում է փուլ առ փուլ լուծել արտագաղթի խնդիրը:


Այսպիսով, քառյակի ներկայացրած այս ձևակերպումը' խորհրդարանական լսումներ «Արտագաղթ. Իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով, կարծես, հնչում է ավելի պոպուլիստական ու լսումների գործընթացում ավելացնում է նրա' շոուի վերածվելու վտանգը, բացի այդ, ընդդիմությանը հնարավորություն է տալու քննարկումների ընթացքում անդրադառնալ տնտեսական բազմաթիվ խոցելի խնդիրների: Այս քննարկումը ընդդիմության համար ստեղծելու է քննադատության մի անսպառ դաշտ, քանի որ աստիճանաբար կարող են առաջ քաշվել հասարակական, տնտեսական դաշտի առավել խոցելի խնդիրները, որոնք ազդում են ժողովրդի բարեկեցության վրա ու արտագաղթի պատճառ դառնում:

 

 

Դավիթ Պետրոսյան