Բարդ ժամանակներ ենք ապրում:


Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան:
Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միայնակ որոշելու այդ կառույցին Հայաստանի միանալու հարցը:


Ճիշտ են ասում, բայց շրջանցում են կարևոր մի հանգամանք. այս հարցում Սարգսյանի ու հասարակության պատկերացումներն ամենամոտն են: Գուցե Սարգսյանը եվրասիական ինտեգրացիային պարտադրված է գնացել. հասարակության ռուսասիրությունն ինքնաբուխ է, որն արտահայտվում է զանգվածաբար Ռուսաստան գնալով, այնտեղի բարքերը գովերգելով:


Հայաստանի աղքատ բնակաչությանը պահում են Ռուսաստանից եկած տրանսֆերտները ու դրանք էլ որոշելու են հանրաքվեի ելքը, եթե այդպիսի բան անցկացվի Մաքսային միության հարցով:


Նեքրին քաղաքական հարցերում էլ է այդպես:


Բոլորն ասում են, բողոքում են, թե իշխանությունը հովանավորում է հանցագործներին, բայց այդ քննադատությունն անհասցե է:


Շատերը կքննադատեն Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձնել Սուրիկ Խաչատրյանին, ու վստահ եմ, որ նման նշանակում չի լինի:


Բայց վստահ չեմ սյունեցիների ընտրության վրա, եթե մարզպետն ընտրովի լինի: Վախենամ, որ մեծ առավելությամբ հենց Սուրիկը հաղթի:


2003-ին Սերժ Սարգսյանը զարգացրեց ՙՙմենթալիտետային ժողովրդավարության՚՚ թեզը. մի տաս հոդվածով դա քննադատել եմ, հիմա էլ կքննադատեմ:


Այն ժամանակ համոզված էի, որ հասարակության մեծամասնությունն ինձ պես է մտածում, հիմա համոզված չեմ ու մտածում եմ, որ Սերժն ու մյուսները հասարակությանն ավելի լավ են ճանաչում ու գուցե մի փոքր էլ առաջ են կանգնած այդ մտածողությունից:


Ու, թերևս, դա է այս ու նախորդ նախագահի իշխանության երակարակեցության գաղտնիքը...


Ֆրանսիական հայտնի ՙՙԽաղալիք՚՚ ֆիլմում իսկապես գործարարը մեղավոր չէր, որ իր կամակոր տղան պատանդել էր լրագրողի. վերջինի ու նրա շրջապատի մենթալիտետը հանդուրժում էր այդ բարքերը...

 

 


Սուրեն Սուրենյանց