Եկեղեցական դատական համակարգը իրականություն դարձնելն այսօր առաջնահերթ խնդիր է, որի համար անհրաժեշտ է չորս Աթոռների համահունչ համագործակցությունը
Երբ տեւական ժամանակ խնդիրները չեն լուծվում, դրանք վեր են ածվում մարտահրավերների (Challenges): Եւ այսօր եկեղեցական կյանքում մենք ունենք կուտակված մարտահրավերների մի բազմություն, որոնք առաջնահերթ լուծումներ են պահանջում, ուստի այսօր կարիք կա վերականգնելու Եկեղեցու դատական համակարգը՝ Եկեղեցական ատյանը, որտեղ քննության կդրվեն առաձին անհատների գործերը եւ հանրային լսումների միջոցով քննության կառնվեն Եկեղեցու կյանքում հանդիպող խորթ երեւույթները:

 


Երբ Եկեղեցու մարմինը այս կամ այն պատճառով լիարժեք չի գործում, ապա դրանից տուժվում է միայն ժողովուրդը: Այսինքն՝ քանի դեռ մենք ունենք չլուծված խնդիրներ, միշտ կունենանք ճնշված ժողովուրդ:
Ինչո՞ւ ենք անրաժեշտ նկատում Եկեղեցու դատական համակարգը, հանրային լսումներով հանդերձ: Նախ որ այսօր թույլ է հանրության եւ Եկեղեցու կապը, եւ հանրությունը լավ տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում հոգեւոր դաշտում. պտտվում են չճշտված լուրեր, լսվում են կասկածելի եւ չհիմնավորված հայտարարություններ, որոնք ընկճում են հանրությանը եւ անվստահության վարակ տարածում անհատների մեջ: Անհրաժեշտ է, որպեսզի հրապարակվի ճշգրիտ եւ ստուգված տեղեկություններ, որը սակայն դեռ բավարար չէ մի շարք խնդիրների լուծման համապ, քանի որ հաճախ կարիք է լինում ճիշտ ընկալել իրավիճակը, քննել եւ վերլուծել կացությունը եւ օրենսդրորեն հստակ որոշումներ կայացնելը: Իսկ դա կարող է իրականություն դառնալ միայն հանրային լսումների միջոցով:

 


Օրինակ, երբ որեւէ համայնքում հոգեւոր հովիվը լիարժեք չի իրականացնում իր ծառայությունը, դա Եկեղեցական ատյանի խնդիրն է, որի առջեւ պատասխան պետք է տա տվյալ հոգեւորականը, իսկ երբ այդպիսի համայնքը միակը չէ, եւ դեռ մի շարք շրջաններում էլ առկա են աղանդավորները, ապա դա արդեն մեկ կամ մի քանի հոգեւոր հովիվների հարց չէ, քանի որ դա մի այնպիսի երեւույթ է, որի լուծման համար ուղղակի անհրաժեշտ է հանրության միջամտությունը, այսինքն՝ հանրային լսումների եւ եպիսկոպոսական դասի անմիջական ներգործությունը: Պետք է ասել, որ նման համայնքները իրականում միայն ձեւականորեն են հոգեւոր համայնք կոչվում, քանի որ, հոգեւոր ծառայության բացակայության դեպքում, բացակայում է նաեւ հոգեւոր միջավայրը, որը համայնքի էական մասն է:

 


Այսօր հենց քահանաներն են ասում, որ ժողովուրդը հիմնականում չգիտի Ավետարանը եւ հեռու է եկեղեցական կյանքից: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Այսօր չկա նախկին ռեժիմի անպատժելի բռնատիրությունը եւ յուրաքանչյուր անհատ, կամ մարդկանց խումբ, իրավունք ունի ստեղծելու իր սեփական ուսմունքը եւ այն տարծելու, սակայն նույնիսկ այսպիսի ազատության պայմաններում ժողովուրդը շատ քիչ է առաջ գնացել հոգեւոր դաշտում, դրան հակառակ՝ վխտում են աղանդները:
Մյուս խնդիրը, որն այսօր գլուխ է բարձրացրել, դա կարգազուրկ հոգեւորականների ահազանգող քանակն է:

 


Հարց է ծագում. իսկապե՞ս այդ հոգեւորականները անհարիր վարք են ունեցել, թե դա սոսկ սուբյեկտիվ կարծիք է, իսկ եթե իրապես այդպես է, ապա ինչո՞վ է պայմանավորված անհարիր վարքով ապրող հոգեւորականների այդ մեծ քանակը, որը, ըստ որոշ աղբյուրների, 100-ից ավելի է, կարծես թե էպիդեմիա լինի: Եթե մենք իսկապես ունենք այդպիսի քանակով կարգազանց հոգեւորականներ, ապա պետք է գտնել նման վարակի պատճառները. միգուցե ուսման որակը չի համապատասխանում այսօրվա պահանջներին, կամ երիտասարդ ծառայողները չեն անցել համապատասխան փորձաշրջան, կամ առաջնորդ եպիսկոպոսները մինչ ձեռնադրությունը լրջորեն չեն քննել յուրաքանչյուրի հոգեւոր կյանքը, եւ այլն:

 


Հարցը ավելի է բարդանում, երբ հոգեւոր կյանքի մեծ փորձ եւ տարիերի վաստակ ունեցող հոգեւորականներն են կարգից զրկվում: Սա ինքնին խնդիր լինելով, իրենից մի նոր խնդիր է առաջ բերում, որը եւս քննարկման կարիք ունի: Բանն այն է, որ այդ մարդկանց քարոզներով ու հորդորներով դաստիարակվել է մի ամբողջ սերունդ, նրանց ձեռքից հաղորդություն են ստացել տասնյակ հազարավոր մարդիկ, այդ քահանաները այցելել են հազարավոր տներ, հոգեւոր առանձնազրույցներ են ունեցել շատերի հետ, լսել բազում խոստովանություններ եւ այլն:

 


Եւ ինչպե՞ս պետք է պահեն իրենց այդ մարդիկ, երբ լսեն, որ այն քահանան, որին իրենք վստահել են իրենց կյանքը, այսօր զրկված է քահանայագործելու իրավունքից: Սա լուրջ խնդիր է, որը մի կողմից, որպես երեւույթ, ակնկալում է եկեղեցական հանրության միջամտությունը, հանրային լսումների միջոցով, մյուս կողմից՝ Եկեղեցական ատյանի կողմից քրտնաջան աշխատանք է պահանջում, նման կարգազրկության գործը քննելու համար:

 


Այսինքն՝ ըստ էության, այսօր անհրաժեշտ է կազմել երկու ատյան. առաջին ատյանում պետք է քննվեն առանձին հոգեւորականների գործերը, երկրորդում՝ Եկեղեցու կյանքին անհարիր երեւույթները, դրանք լուսաբանելու եւ իրականությանը համապատասխան լուծում տալու համար:
Կազմելով Եկեղեցական ատյան, մենք կխուսափենք մի շարք ճակատագրական սխալներից, հակառակ դեպքում մնալու ենք մեկ անհատի կողմից կայացրած որոշման հույսին, որը անընդունելի է այնպիսի մեծ եւ բազմաբովանդակ կառույցի համար, ինչպիսին Եկեղեցին է: Եկեղեցական ատյանը այն մարմինն է, որը գործելու է հանրության եւ մեծ իրավունքներով օժտված եկեղեցական վերնախավի միջեւ. մի կողմից  բացառելով՝ արդարության սուբյեկտիվ ընկալումները:

 

 


Արամ դպիր Դիլանյան