Վերջին ժամանակներում ավելացել է Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին այս կամ այն պատճառով չսիրողների թիվը: Գուցե նրան կարելի է շատ բանում մեղադրել, սակայն ոչ երբեք սեփական պետության շահը չգիտակցելու և դրանով չառաջնորդվելու մեջ: Ավելին՝ նա կարողացավ անել մի եզակի բան՝ ստեղծել պետություն մի տարածքում, ուր երբեք պետականություն չի եղել և մի ժողովրդով, որը երբեք պետականություն չի ունեցել:

 


Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Նախագահները Աստանայում ստորագրել էին «պատմական պայմանագիրը» Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին: Սակայն օգոստոսի 29-ին Նազարբաևը հայտարարեց, որ եթե «Պայմանագրով սահմանված կանոնները չպահպանվեն, Ղազախստանը լիարժեք իրավունք ունի հրաժարվելու ԵՏՄ անդամակցությունից և երբեք չի լինի այն կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախության համար»:

 


Ակնհայտ է, որ ղազախ առաջնորդի խոսքերը, անշուշտ, պայմանավորված են մի պարզ մտավախությամբ՝ որ Ղազախստանում չկրկնվի ուկրաինական սցենարը: Իսկ դրա նախադրյալները կան՝ երկրի 17 միլիոնանոց բնակչությունից ավելի քան 3.5 միլիոնը ազգությամբ ռուս են (թեև վերջին 20 տարում ռուսների քանակը նվազել է կրկնակի), ավելին՝ ապրում են կոմպակտ երկրի հյուսիսային և արևելյան հատվածներում:

 


Շատերը կարող են կարծել, որ Ղազախստանը նախաձեռնում է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց, սակայն դա այդպես չէ՝ գոնե առայժմ: Նազարբաևի այս քայլը, ինչպեսև նախկինում նրա ձեռնարկած մի շարք քայլեր՝ խոչընդուտների հարուցումը Հայաստանի անդամակցությանը, ստորագրումից առաջ պայմանագրից քաղաքական բաղադրիչը հանելու վերջնագիրը ունեն հստակ նպատակ՝ հիշեցնել Ռուսաստանին, որ չի հանդուրժի տնտեսական միությունը որպես աշխարհքաղաքական բացարձակ դաշնակից ներկայացնելու որևէ փորձ: Այլ կերպ ասած՝ «Եկել է ասի, որ իր վրա ոչ միշտ է կարելի հույս դնել»:
Քանզի Ղազախստանի գլուխ կանգնած է մեկը, ով փայլուն գիտակցում է, ինչն է իր երկրի համար լավ, իսկ ինչը՝ վատ:

 

 

Վազգեն Ղազարյան