ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽԱԼԻՖԱԹ


Ըստ Նորվեգիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ. առաջին կիսամյակում Օսլոյում ծնված տղաներին ամենահաճախը տրվող անունն էր Մուհամմեդը: Այդպես են անվանակոչվել 4800 նորածիններ: Իրենց հաճախակիությամբ Մուհամմեդին հաջորդում են Յան և Պեր անունները:


Ընդ որում, թեև առաջատար դիրքում Մուհամմեդ անունը հայտնվել է միայն այս տարի, սակայն 2010 թվականից սկսյալ այն նորածիններին տրվող ամենատարածված անուններից էր: Ավելին՝ այս հարցում Նորվեգիան միակը չէ: Համանման վիճակ է Նիդեռլանդներում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում:


Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան, այսպես կոչված, «երրորդ աշխարհի» երկրների հակահարվածը բարեկեցիկ Եվրոպային: Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակներում տնտեսական աճը և բարեկեցության բարձրացումը եվրոպացիների համար հանգեցրեց նրան, որ շատերն արդեն չէին ցանկանում աշխատել, կամ էլ պատրաստ էին աշխատել բացառապես միջին և բարձր վարձատրվող աշխատանքներում:


Իհարկե, Եվրոպայի բարեկեցությունը մեծամասամբ պայմանավորված է այլ երկրներում իրականացվող տնտեսական գործունեությամբ և այդտեղից քամված ռեսուրսները եվրոպական տնտեսություն ներարկելով: Սակայն դա հանգեցրեց այն բանին, որ այդ երկրներից մեծ քանակությամբ գաղթականներ լցվեցին Եվրոպա, ինչը խրախուսվեց եվրոպական երկրների իշխանությունների կողմից՝ աշխատուժ էր պետք: Բայց նրանք մոռացան այն մասին, որ բարեկեցիկ ապրող եվրոպացին ազատական գաղափարների պայմաններում այլևս հակված չէ ապրելու հանրության համար, այլ բացառապես իր համար, ուստի և հակված չէ իր կյանքն անհարկի ծանրաբեռնել մեծ ընտանիքով և բազմազավակությամբ: Մինչդեռ «երրորդ աշխարհի» աշխարհի երկրներին և հատկապես իսլամական աշխարհին միշտ էլ բնորոշ է եղել բարձր ծնելիությունը: Տվյալ դեպքում դա նաև առավելություն է՝ կարելի է ստանալ երեխայի նպաստ և դրանով ապրել:


Ու եթե այսպես շարունակվի՝ մի գեղեցիկ օր Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների կամ Իտալիայի Մուհամմեդ անունը կրող վարչապետը «ողորմածաբար» արտոնություններ կշնորհի իտալացիների կամ հոլանդացիների ազգային փոքրամասնություններին:


Սեփական բարեկեցության և ուրիշի հարստահարման համար հարկ է լինում հատուցել, ու բազմապատիկ: Ինչպես ասել է մի արաբ իմաստուն՝ «Եթե դու ինձնից բարձր ես և դու ինձ չես քաշում վերև, ապա ես քեզ կքաշեմ ներքև, և երկուսս էլ կկործանվենք»:


Այն, ինչ այդպես էլ հասու չդարձավ եվրոպացիներին:

 

 

Գուրգեն Վարոսյան