Աթենացի հայտնի պետական գործիչ եւ օրենսդիր Սոլոնը աշխարհ տեսնելու մտադրությամբ մեկնում է Եգիպտոս, ապա Սարդես: Այստեղ նրան հյուրընկալում է Կրեսոս արքան, որը նշանավոր աթենացուն ցույց տալով իր բազում գանձերը, հարցնում է.«Մենք շատ ենք լսել քո իմաստասիրության եւ շրջագայությունների մասին: Արդյո՞ք դու հանդիպել ես ավելի երջանիկ մարդու»: Հարցնում է, քանզի համոզված էր, թե ինքը կհամարվի մարդկանցից երջանկագույնը: «Ամենաերջանիկը Տելլոս Աթենացին էր, ով ունեցավ բարի եւ ազնիվ որդիներ, թոռներ:

 

Նա ընկավ կռվի դաշտում եւ նրան հայրենակիցները մեծապես պատվեցին»,_ պատասխանում է աթենացին: «Իսկ ու՞մ ես երջանիկներից երկրորդը համարում»,_ կրկին հարցնում է արքան: «Ո՜վ արքա, նրանք երկու հույն եղբայրներ էին, ուժեղ ու գեղեցիկ: Երբ մայրը տաճար պետք է գնար, իսկ եզները դաշտից դեռ չէին բերել, ժամանակի սղության պատճառով նրանք հագան լուծը եւ քաշեցին կառքը, որի վրա իրենց մայրն էր: Դրա համար արժանացան հասարակության սիրուն ու դրվատանքին: Բացի այդ նրանք ունեցան կյանքի գերազանց վախճան»,_եզրափակում է Սոլոնը: Կրեսոսը զայրացած ասում է.«Ով աթենացի հյուր, ուրեմն դու իմ հարստությունը այնքա՜ն ոչինչ ես համարում, որ ինձ նույնիսկ այդ հասարակ մարդկանց հավասար չես համարում»... Իսկ Սոլոնը պատասխանում է. «Կյանքի յուրաքանչյուր վայրկյանը լի է անակնկալներով ու փորձություններով: Քո հարցին կարող եմ պատասխանել այն ժամանակ, երբ իմանամ, թե ինչ վախճան ես ունեցել»:

 


Կրեսոսին հաճելի չեղան այս խոսքերը եւ նա անշուք ճանապարհեց Սոլոնին, քանզի նրան համարեց տգետ մարդ, որը ներկա բարիքները թողած, խորհուրդ էր տալիս սպասել վախճանին:

ՀԳ - Կրեսոսին այնուհետ վիճակվեց ապրել անձնական ողբերգություն: Որսի ժամանակ, արձակված նիզակից, մեռնում է սիրելի որդին, ապա պարսիկները գրավում են նրա թագավորությունը եւ գերում իրեն ու հարազատներին: Երբ նրան տանում են մահապատժի ենթարկելու (այրել են խարույկի վրա)՝ հիշելով աթենացուն, շշնջում է. «Դու ճիշտ էիր, Սոլոն» ...