Ինչպես արդեն տեղեկացանք, օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում Չանկայայի նախագահական պալատում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը որի ընթացքում, արդեն պաշտոնական երդմնակալությանը հետևած պաշտոնական ընդունելության ժամանակ, ի տես մնացյալ պատվիրակությունների, նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, և նրան հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը' 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

 

Դժվար է միանշանակ գնահատել այս արարքը ոչ միայն միջազգային, այլ նաև ներհայաստանյան մակարդակում կամ Հայկական Սփյուռքի դիտանկյունից: Ավելին սառը բանականությունը, առողջ դատողականությունն ու ողջամտությունը հուշում են, որ հատկապես ներկայիս թուրքական վարչակազմի օրոք դժվար թե որևէ լուրջ տեղաշարժ լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Սակայն ամեն դեպքում, “վիճակը նետված է” ու հիմա պետք է կարողանալ տեր կանգնել դրան:

 


Հայաստանի իշխանությունները իրենց հերթին փորձում են հիմնավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված հրավերը Հայաստանի նախագահի կողմից' ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բերանով, ով երեկ հայտարարեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու քայլը արդարացված է, որովհետև' «Առաջինը՝ հրավեր ուղարկելով Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Ցեղասպանության դատապարտման կողմնակից է: Հրավեր ուղարկելով՝ Հայաստանը ցույց է տալիս, որ ակնկալում է միջազգային հանրության նաեւ Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե Էրդողանը գա Հայաստան, ապա դա կնշանակի, որ Թուրքիայի վերնախավը ընդունում է այն եղեռնագործությունը, որը եղել է եւ վերջ է դրվում ժխտողականության քաղաքականությանը: Եթե հրաժարվի այցելել Ծիծեռնակաբերդ, սա եւս մեկ անգամ կամրագրի, որ շարունակում է ժխտողականության քաղաքականությունը», նշել է Շարմազանովը:

 


Ինչ որ տեղ սա կարող է պաշտոնական Երևանի համար հաջող դիվանագիտական քայլ լինել, սակայն կա մի ահազանգ, որ արդեն այս տարեսկզբից, Մեծ Եղեռնի խորհրդանիշ անմոռուկների հայտնի պատմությունից հետո, սկսեց հնչել. այն է' ինչ որ իմաստով Հայոց Ցեղասպանության հարցը աստիճանաբար կորցնում է իր քաղաքական կարեւորությունը ու վերածվում զուտ դիվանագիտական կամ այլ կատեգորիայի շոուի, ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ, ինչը որ ցավալի է, հայաստանյան իշխանությունների կողմից: Անշուշտ, լիովին հավանական է, որ Թուրքիայի նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ժամանել հաջորդ տարի Երևան, նույնիսկ Ծիծեռնակաբերդ գնալ, ինչը կնշանակի, որ նրանք ամենեւին էլ չեն ժխտում Ցեղասպանության փաստը, բայց չեն արտասանում «ցեղասպանություն» բառը: Եվ ինչ:

 

Որը կլինի այդ ամենի իմաստը, եթե մեկ միլիոնանոց Հայկական կազմակերպված համայնքների, կառույցների ու լոբբինգի առկայությամբ նույնիսկ անկարելի է մինչև այսօր “ստիպել”, որ ԱՄՆ նախագահն արտասանի “Ցեղասպանություն” բառը ու ամեն տարի նոր “աճպարարության” է վերածվում վերջինիս ապրիլիքսանչորսյան հեռուստաուղերձը: Եվ բացի այդ ինչպես է պատկերացնում հաջորդ տարի ապրիլի քսանչորսին թուրքական պատվիրակության ներկայությունն Երևանում, երբ նույն օրը տեղի է ունենալու, ըստ նախնական ժամանակացույցի, ևս մեկ կարևոր, կարելի է ասել հանգուցային իրադարձություն Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումնհերի շարքում. խոսքը Մեծ Եղեռնի նահատակների սրբադասման արարողության մասին է, որով գրեթե վեց հարյուր տարվա դադարից հետո վերականգնվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբադասման արարողակարգը: Ինչպես է պատկերացնում պաշտոնական Երևանը սուննի մուսուլման պաշտոնյաների ներկայությունը Հայաստանում այդ օրը կամ այդ արարողությանը: Ըստ կրոնական օրենքների, դա սրբապղծությանն հավասար երևույթ է այլակրոնի ներկայությունը նման նվիրական արարողությանը, նույնիսկ դիտորդի կարգավիճակում:

 


Ուրեմն ինչպես է պատրաստվում Երևանը համատեղել այս երկու հակադիր բևեռները, երբ միաժամանակ նաև Հայաստանում են լինելու, կրկին ըստ նախնական տեղեկությունների, քրիստոնեական բազմաթիվ կրոնապետներ, ինչպես օրինակ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Կ. Պոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, միջազգային քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

 

Ստացվում է, որ կամ պետք է զանց առնվի կրոնական օրենքը հանուն “դիվանագիտական շոուհի”' դրանով խաղալով միլիոնավոր հայ հավատացյալների կրոնական սրբազան զգացումների հետ, կամ սրբադասման արարողությունը պետք է լինի “խիստ կրոնական” ու ապահովվի այդպիսով միայն ներկա պատվիրակությունների կրոնական հատվածի կամ առհասարակ քրիստոնեական հատվածիւ ներկայությունը: Սա լուրջ դիլեմա է Երևանի համար, քանի որ որևէ սխալ քայլը կարող է ուղղակի բողոքի առիթ դառնալ եթե ոչ Հայաստանում, ապա գոնե հաստատ' Սփյուռքում: Ասյստեղ զուտ հռետորական չի հնչի այն հարցը, թե իսկ Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը հարցվել է, արդյոք Հայ Առաքելական Եկեղեցին ուզում է իր սրբազան արարողակարգերից մեկին ներկա տեսնել Թուրքիայի նախագահին:

 

Հացն ավելորդ չէ, քանի որ այս հարցի ուղղակի զուգահեռը հետևյալն է' իսկ կուզենա արդյոք որդեկորույս մայրը տեսնել սեփական զավակաների հուղարկավորությանը զավակների մարդասպանին: Եթե նույնիսկ Մայր Աթոռը, հաշվի առնելով վերջին տասնհինգ տարվա կրավորական դիրքորոշման փորձառությունը պետություն-եկեղեցի հարաբերություններում այս հարցով ձայն չհանի, ապա գոյություն ունեն նաև Անթիլիասի կաթողիկոսության կարծիքը:

 

Չպետք է մոռանալ, որ ընդամենը հաշվված ամիսներ առաջ Սիրիայի Քեսաբ քաղաքի ավերածությունն ու բռնությունները կատարվում էին ոչ առանց քաջալերանքի Թուրքիայի ներկայիս “Նորին Գերազանցություն, Մեծարգո նախագահի”, ինչպես բարեհաճել է վերջինիս մեծարել ՀՀ նախագահը: Արդյոք համայն Հայ ժողովուրդը Հայաստանում ու Սփյուռքում, կուզենա իր նահատակների սրբադասմանը տեսնել “հազար տարում մարդասպանի վերածված” “բերանն արնոտ մարդակերի” ժառանգներին:

 

 

 

Անկախ թղթակից