Հայաստանում սելեկտիվ աբորտների հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը այն որպես խնդիր չի ընկալում: Այս մասին հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբը ուղղված է եղել սելեկտիվ աբորտների դեմ:

 

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, վաղուց հայալեզու համացանցում այսպիսի ակտիվորեն քննարկվող թեմաներ չէին եղել. «Իր ազդեցությամբ եւ ակտիվությամբ ֆլեշմոբը մոտ էր այնպիսի մեծ և հասարակության համար կարեւոր իրադարձություններին, ինչպինք են, օրինակ, ընտրությունները: Փորձագետն այժմ կարևորում է այն հարցը,թե ինչպես կարելի է շարունակել այս նախաձեռնությունը և անել այնպես, որ Ֆեյսբուքի շրջանակներից դուրս գա: Այդպիսով հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների և նվազեցնել երկրում սելեկտիվ աբորտների թիվը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը եւ կառավարությունը տարիներ շարունակ փորձում էին ուշադրություն գրավել դեպի այս խնդիրը՝ քննարկումներ անցկացնելով եւ վիճակագրական թվեր հրապարակելով, սակայն բոլոր այդ թվերն ու հայտարարությունները տպավորիչ չէին եւ շատ փոքր ազդեցություն էին ունենում»:

 

Հարցին, թե ինչու է ֆլեշմոբն այսքան ուշադրության արժանացել, մեդիա փորձագետը պատասխանեց. «Պատճառն այն է, որ այն խնդիրը դեմոգրաֆիական-վիճակագրական հարթությունից տեղափոխվել է էմոցիոնալ հարթություն եւ ավելի հասանելի է դարձել ավելի լայն զանգվածներին»:

 

 

Կան երկրներ, որտեղ աբորտների խնդիրը բոլորովին այլ մակարդակի վրա են փորձում լուծել: Օրինակ, Իռլանդիայում աբորտները արգելված են եկեղեցու կողմից, իսկ եկեղեցու ազդեցությունը բավական մեծ է: Իսկ ԱՄՆ-ում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակությունների համար ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը հենց աբորտների թեման է: