Ասում են, որ ԱՄՆ-ում ընդունված չէ կնոջ փոխարեն ռեստորանում վճարել, քանի որ համարվում է, որ այդպես տղամարդիկ շեշտում են իրենց ֆինանսական գերազանցությունը: Իսկ Նորվեգիայում էլ ընդունված չէ հասարակական տրանսպորտում զիջել տարեցներին, քանի որ համարվում է, որ այդպես ընդգծվում է սեփական ֆիզիկական գերազանցությունը այլոց հանդեպ:


«Վայրենիներ, կանանց և տարեցների հանդեպ այսպիսի արհամարհանք, հետո էլ ասում են, թե զարգացած են»,- միջին վիճակագրական հայկական արձագանք:


Իրականում այդ ամենը ընկալելի է, քանի որ այդ երկրներում կանայք կարող են բավական վաստակել, որպեսզի իրենց փոխարեն վճարելը չհամարվի չգիտես ինչ, մեզ մոտ տղամարդիկ են վճարում, քանի որ ընդունված է, որ տղամարդիկ են վաստակում կամ շատ վաստակում, բա ամոթ չի՞: Սկզբում այդպես է եղել, կնոջը որտեղի՞ց փող, որ վճարի, տուն պահողը տղամարդն էր, դա դարձել է ավանդույթ,հետևաբար դժվար է ընդունել, որ այլ կերպ վարվելը նորմալ է:


Իսկ ահա տրանսպորտում տարեցին չզիջելն էլ հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ երկրում հասարակական տրանսպորը «ավելի բարեկարգ Երևանի» տրանսպորտ չի միանշանակ ու հազվադեպ է անհրաժեշտ լինում զիջել տարեցներին:


Այսինքն՝ ամեն ինչ կախված է կյանքի պայմաններից, իրական պայմաններից, այլ ոչ թե դաստիարակությունից, մենթալիտետից, մտածելակերպից: Այդ պայմանները ստիպում են սկզբում վարվել որևէ կերպ, հետո այդ վարքը դառնում է ավանդույթ և իներցիա: Հակառակ վարքը դառնում է տարօրինակ ու անընդունելի:


Ասածս այն է, ամեն ինչ որոշում է կենսակերպը, թե մարդիկ ինչպես են ապրում, այլ ոչ թե նրանից, թե ինչպես են դաստիարակվել: Եթե կյանքի պայմանները հակադրության մեջ մտնեն դաստիրակության հետ, դաստիարակությունը միանգամից նահանջում է: Հետևաբար որևէ մեկը մյուսից ավելի քաղաքակիրթ չէ, պարզապես մեկը մյուսից ավելի լավ կամ վատ է ապրում, որակապես լավ կամ վատ է ապրում:

 

 

Տիգրան Խաչատրյան