Անշուշտ սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, որ «Կնքահայրը» ֆիլմի հաջողությունը պայմանավորված է կրիմինալ պատմությամբ համեմված բազմաթիվ արյունոտ սպանություններով: Նման մտածելակերպը չափազանց պարզունակ է: «Կնքահայրը» ֆիլմ է երկու տարբեր աշխարհընկալումների բախման մասին: Ֆիլմի ընթացքում բոլոր զոհերը ոչ թե կրիմինալի այլ այդ հակադրության արդյունք են: «Կնքահայրը» ֆիլմ է այն մասին թե ինչպես են իրար բախվում «Ամերիկյան երազանքը» և «Իտալական ընտանեկան արժեքները»:


Իտալացի ներգաղթյալները տեղափոխվելով ԱՄՆ ձեռք բերեցին փող վաստակելու և այն ծախսելու ամենալայն հնարավորությունները: ԱՄՆ-ում նրանք սկսեցին վաստակել այնքան, որքան չէին կարող նույնիսկ երազել Սիցիլիայում: Իտալիան այդ տարիներին համարվում էր աղքատ երկիր իսկ Սիցիլիան Իտալիայի ամենահետամնաց հատվածն էր, այն ԱՄՆ-ի հնարավորությունների հետ համեմատելը նույնիսկ ավելորդ եմ համարում: ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին հայացքից իտալացի ներգաղթյալները հաղթում են ԱՄՆ-ին: ԱՄՆ քաղաքական գործիչները, Կոնգրեսմենները, (ֆիլմում ակնարկվում է նաև ԱՄՆ նախագահը) դատավորները, արհմիությունները նրանց գրպանում են, իտալական կլանը մեծ հաշվով անպատիժ է և հզոր, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում ԱՄՆ դանդաղորեն կուլ է տվել նրանց, նրանք այլևս իտալացի չեն, որովհետև ժամանակի ընթացքում հանուն բոլոր բարիքների սկսեցին հրաժարվել իրենց ընտանեկան արժեքներից և մերվել ԱՄՆ բիզնես ապրելակերպին: Հենց դա կործանեց քրեական սինդիկատը' նահանջը ընտանեկան արժեքներից: Երբ նրանց համար ընտանիքը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, դարձավ երկրորդական, նրանք վերածվեցին բիզնես հանցագործ ամերիկացիների: Ֆիլմը Վիտո Կորլեոնեի'Իտալիայից ներգաղթած առաջին սերունդի և ընտանեկան արժեքների վերջին ջատագովի պայքարի մասին է: Նա մինչև կյանքի վերջը պայքարում է ընտանիքի մոդելը պահելու համար:


Ֆիլմը սկսվում է Վիտոյի դստեր հարսանիքի տեսարանով: հենց հարսանիքի ժամանակ իտալացի հյուրերից մեկը խնդրում է Վիտոյին պատժել իր աղջկան բռնաբարած տղային, որը խուսափել էր արդարադատությունից թանկարժեք փաստաբան վարձելով՝ այսինքն միանգամայն օրինական եղանակով: Վիտոն կտրուկ մերժում է ասելով թե «երբ դու տեղափոխվեցիր Ամերիկա դադարեցրիր բոլոր կապերդ ընտանիքի հետ՝ երեխաներիդ որպես իտալացի չդաստիարակեցիր, Ծննդյան տոներին չհետաքրքրվեցիր ինչպես է իրեն զգում կնքահայրը, իսկ հիմա եկել ես ու ինձանից խնդրում ես պատժել այդ տղային: Մեզ ինչի տեղ ես դրել? Մարդասպանների?
Դու ամբողջությամբ դարձար ամերիկացի, հիմա ընդունիր նաև այս դառնությունը, քանի որ դա էլ է ամերիկյան կյանքի մի մասը, որ քո աղջիկան բռբաբարողը կարող է խուսափել պատասխանատվությունից»:


Ընտանեկան արժեքները դրանք կոռուպցիայի և հովանավորչության հիմքն էին 20-րդ դարի ԱՄՆում: Կորցնելով դրանք իտալացի ներգաղթյալները վերածվեցին իտալոամերիկացիների: Վիտոն պարտվեց, նրա ընտանիքը սկսեց դեմ գնալ ընտանեկան ավանդույթներին: Սկզբում նրա հարազատները ներքաշվեցին թմրանյութերի բիզնեսի մեջ, (որը մինչև հիմա Սիցիլիայում համարվում է անպատվաբեր, իսկ ԱՄՆ հանցագործ փողերի հիմնական շրջանառությունն է ապահովում), հետո գնալով ավելի մերվեցին ԱՄՆ-ին և ի վերջո բարոյապես վերացան:


Մինչև 60-ականների սկիզբը, Մաֆիան ապրում էր օմերտայի (լռության) օրենքով: 60-ականների կեսերին դատարանում ցուցմունք տվեց առաջին իտալացի մաֆիոզը, ինչից հետո օմերտայի օրենքը սկսվեց հաճախակի խախտվել: Ցանկացած, նույնիսկ ոչ հանցագործ ընտանիքի գլխավոր օրենքը լռության օրենքն է
«Կնքահայրը» սոցիալական' եթե կուզեք նաև, ինչ որ չափով, պատմական դրամա է: Դա պատմություն է որտեղ ամերիկյան երազանքը շատ զոհերի գնով հաղթում է ընտանիքին: Դա ընտանեկան արժեքների պարտության պատմությունն է իրավական պետությանը:


Հ.Գ. Ի դեպ այս ֆիլմը մի հետաքրքիր օրինաչափություն ունի, ասում են դա Կոպոլայի քմահաճույքն է: Ֆիլմի ցանկացած հատվածում երբ կադրում նարինջ է երևում, հաջորդ կադրում ինչ որ մեկը անպայման մահանում է: Նարինջը այս ֆիլմում խորհրդանշում է մահ:

 

 

Նարեկ Մալյան