Մինչ միջազգային հանրությունը զբաղված է Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններում խալիֆայություն հռչակած «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ պայքարի արդյունավետ ուղիների վերաբերյալ քննարկումներով, քաղաքական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում նաև կառույցի թիրախը դարձած երկրներում:


Դեռևս օգոստոսի 11-ին Իրաքի նախագահ Մուհամմադ Ֆուադ Մասումը հանձնարարել էր երկրում իշխող «Ազգային դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ Հայդար Ջաուադ ալ-Աբադիին՝ նոր կռավարություն ձևավորել: Ըստ Իրաքի նորանշանակ վարչապետի՝ կառավարության կազմավորման շուրջ բանակցությունները բավականաչափ կառուցողական են, և մինչև ընթացիկ ամսվա ավարտը, հավանաբար, կհայտարարվի երկրի նոր կառավարության կազմը:


Իսկ Իրաքի արևմտյան հարևան պետությունում՝ Սիրիայում, ս.թ. հունիսի 3-ին նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրված Բաշար ալ-Ասադն օգոստոսի 27-ին հաստատել է գործող վարչապետ Ուաիլ Նադիր ալ-Հալկիի առաջարկած կառավարության նոր կազմը:


Սիրիայի Արաբական Հանրապետության նոր կառավարությունն էական փոփոխություններ չի կրել. առանցքային գերատեսչությունները՝ պաշտպանության, արտաքին գործերի և միգրանտների հարցերով, ներքին գործերի նախարարությունները շարունակում են ղեկավարել համապատասխանաբար Ֆահիդ Ջասիմ ալ-Ֆրեյջը, Ուալիդ ալ-Մուալլիմը, Մուհամադ Իբրահիմ ալ-Շաարը, ընդ որում, առաջին երկուսը համատեղությամբ զբաղեցնում են նաև փոխվարչապետի պաշտոններ. ընդհանուր առմամբ, Սիրիայի նոր կառավարությունը բաղկացած է 34 նախարարություններից:


Պետք է նշել, որ ինչպես նախկին կառավարությունում, ՍԱՀ նոր գործադիր մարմնում ևս պաշտոնավարում է մեկ ազգությամբ հայ նախարար՝ բնապահպանության հարցերով պետնախարար Նազիրա Սարքիսը:

 

 

Արմեն Պետրոսյան