Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։


Իրադարձությունն, անշուշտ, նշանակալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքն, որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, ցյուրիխյան գործընթացն, ըստ էության, փակուղում է, ու նաև Էրդողանի անձի հանգամանքը, որի նախընտրական հակահայկական արտահայտությունները պաշտոնական կտրուկ արձագանքի արժանացան նաև Երևանում:


Արդյո՞ք թուրքական հրավերը ու Նալբանդյանի մեկնումը նոր փուլ են հայ-թուրքական հարաբերություններում, թե՞ Երևանն ու Անկարան առայժմ հեռակա ժեստեր են փոխանակում՝ միմյանց մտադրությունները շոշափելու նպատակով:


Դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալ ու նաև կանխատեսել՝ Թուրքիայի նորընտիր նախագահը կամ թուրք որևէ պաշտոնյա կարձագանքե՞ն Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան այցելելու հրավերին:


Էրդողանը փորձելու է իր նոր կարգավիճակն ավելի ամրապնդել քաղաքական նոր նախաձեռնություններով: Դրանցից մեկը կարող է լինել կոնկրետ քայլերի իրականացումը հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, մանավանդ որ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը սարերի հետևում չէ: Ըստ այդմ, Անկարան արդեն իսկ զգում է դրանով պայմանավորված միջազգային ճնշումը:


Մյուս կողմից, թուրքական քաղաքականությունը կաշկանդված է ադրբեջանական գործոնով:
Այս համատեքստում էլ դժվար է կանխատեսումներ անել, թե արդյո՞ք դրական տեղաշարժեր կլինեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Առայժմ գործընթացը փակուղու մեջ է ու հաջողություն է համարվում միայն լայնածավալ պատերազմի կանխումը:


Բավականին բարդ ու հակասական խճանկար է, որը թույլ չի տալիս հեռուն գնացող կանխատեսումներ անել:
Այսքանով հանդերձ՝ Նալբանդյանի այցը դրական է, որովհետև կարող է նպաստել նոր երկխոսության, իսկ ցանկացած երկխոսություն հակադրությունից գերադասելի է...

 

 

Սուրեն Սուրենյանց