Փաստորեն, մի քանի տասնյակ ադրբեջանցիների զոհաբերումն ու հայ դիրքապահների ցավալի կորուստներն այն գինն էր, որը վճարվեց առաջիկա մեկ-երկու ամիսների հարաբերական խաղաղության համար: Եթե արտառոց մի բան չպատահի, ապա կարելի է ենթադրել, որ այսպիսով, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ընթացիկ տարում էապես նվազել է և ճակատային գծում լարվածության աճի հերթական ալիքը դժվար թե հրահրվի եկող տարվա ապրիլ-մայիս ամիսներից շուտ: Այս դադարն անհրաժեշտ էր նախագահ Ալիևին՝ դրա շնորհիվ վերջինս փորձում է ժամանակ շահել ու տեսնել, արդյոք Ռուսաստանը կկարողանա դիմակայել արևմտյան պատժամիջոցներին ու միաժամանակ ապահովել Նովոռոսիայի արդյունավետ դիմադրությունն ուկրաինական բանակին, հընթացս կանխելով նաև սեփական տարածքում ու սահմանակից գոտիներում զինված հակամարտությունների նոր ակտիվ օջախների առաջացումը: Սակայն Բաքվի այսօրինակ զգուշավորությունը կարող է կործանարար լինել ալիևյան իշխանական խմբավորման համար և, թերևս, առկա վտանգների գիտակցումն է, որ ստիպել է Ալիևին այլախոհների դեմ ուղղված աննախադեպ բռնաճնշումների դիմել:

 

 

Արման Մելիքյան