Հայ քաղաքական-հասարակական շրջանակները այդպես էլ չկարողացան հասնել քաղաքական հասունության այն մակարդակին, որ ըստ պատշաճի գնահատեն, արժևորեն աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ իրադարձությունները և ինչպես հարկն է հակադարձեն Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին:
Զավեշտալի է, բայց փաստ, որ մենք մեր անսահման բարոյականությամբ փորձում ենք մտնել մեծ քաղաքականություն: Վերոհիշյալ մոտեցումը դրսևորվել և դրսևորվում է Հայոց ցեղասպանության նկատմամբ, իսկ այժմ այդ ոչ հասուն մոտեցման մանրակերտը պարզ նշմարվում է եզդիների ցեղասպանության վերաբերյալ հայ իրականության մեջ տեղի ունեցող քննարկումներում և վերլուծություններում:

 


Միթե դժվար է ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ ինչպես հայերի, այնպես էլ եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները քաղաքական հստակ ծրագրեր են և պահանջում են միայն քաղաքական հակահարված, այլ ոչ թե բարոյական դատարկախոսություն:
Ներկայումս Իրաքի հյուսիս արևմուտքում և Սիրիայի հյուսիս արևելքում տիրապետող են երկու բավականին հզոր ուժեր՝ Քրդական պետությունը և Իսլամական խալիֆայությունը, որոնցից երկուսի համար էլ եզդիները անցանկալի տարր են: Քրդերը փորձում են իսլամիստների ձեռքով ազատվել եզդիների ներկայությունից, որոնք նոր ձևավորվող Քուրդիստանում ինքնավարություն էին պահանջում:

 


Իսկ միջազգային հանրությունը հանդես կգա միայն խիստ քննադատական ելույթներով և մարդկության դեմ ուղղաված այդ հանցագործությունը կրկին լղոզվելով կմոռացվի:
Եզդիներին կարող է փրկել միայն ինքնապաշտպանությունը:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, ապա նա պետք սահմանափակվի քննադատական ելույթներով, որոշակի նյութական օգնությամբ և իհարկե փախստականներին ընդունելով և ոչ ավելին:

 


Եթե խոսքը գնում է մեր երկրի արտաքին շահերի և հետաքրքրությունների մասին, ապա մեզ չպետք է հետաքրքրի մարդասիրությունը կամ զոհերի քանակը, այլ ընդհակառակը մեզ պետք հուզի միայն մի հարց, թե այս կամ այն գործընթացում մեր ներգրավվածությունը ինչ օգուտներ մեզ կարող է տալ:

 


Որքան էլ այս մոտեցումը ՙՙֆաշիստական՚՚ ընկալվի, բայց պետք է հստակ գիտակցել որ մեծ քաղաքականությունը այդպիսին է և պատմության ընթացքում պետությունները այդպես են կայացել և հզորացել, այլ ոչ թե Ձեր էժանագին մարդասիրության և բարոյականության շնորհիվ:

 

 

Կարպիս Փաշոյան